Հասարակություն

Օգոստոսի 1- ից բարձրացվել է հաշմանդամ եւ զոհված զինծառայողների ընտանիքների օգնության չափը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 1-ից բարձրացվել է հաշմանդամ և զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող դրամական օգնությունների չափը, որը վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն կոչվում է պարգևավճար: Առանձին կատեգորիայի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով պարգևավճարների չափը բարձրացվել է 10-50 տոկոսով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է նաեւ, թե երբ է նախատեսվում կենսաթոշակների հերթական բարձրացումը եւ ինչով են պայմանավորված երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման ուշացումները։

Կենսաթոշակների հերթական բարձրացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թ. հունվարի 1-ից: Պետբյուջեով միջոցներ արդեն նախատեսված են, թեև ակնկալվող բարձրացումների չափերը պաշտոնապես դեռ չեն հայտարարվում: Պաշտոնական տվյալներով` հանրապետությունում շուրջ 13 հազար կենսաթոշակառու դեռ ծայրահեղ աղքատության գծից ցածր թոշակ է ստանում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը փոխանցում է կառավարության նպատակադրումը` փորձել նախ նվազագույնի հասցնել, ապա բացառել աղքատությունը և աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: Կառավարության հաշվարկով` 2015-ին բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակի չափը կհաղթահարի ծայրահեղ աղքատության գիծը՝ մոտավորապես 22 հազար դրամը: Սմբատ Սաիյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած մեկ այլ փոփոխության մանրամասները եւս:

Բարձրացվել է հաշմանդամ և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունների չափը։ Այս օգնությունը վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ վերանվանվել է պարգևավճար։ «Բարձրացումներ կատարվել են 10-50 տոկոսով՝ կախված որոշակի կատեգորիաներից: ՀՀ-ի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին տրվող պարգևավճարի աճը կկազմի 20%, այսինքն՝ նախկին 26 000 դրամի փոխարեն կկարողանան ստանալ 31 000 դրամ: Իսկ չափահաս երեխայի առկայության պարագայում ներկայումս տրվող 33 000 դրամի փոխարեն հնարավորություն ունեն ստանալու 38 000 դրամ»,- ասաց նա։

Չեն վերահաշվարկվել այն զինծառայողների ընտանիքներին տրամադրվող դրամական օգնության չափերը, որոնք զուգահեռ այլ կենսաթոշակ եւս ստանում են: Պարգևավճարները մինչեւ 50 տոկոսով բարձրացվել են նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և ԽՍՀՄ տարիներին այլ երկրներում մարտական գործողություններին մասնակից զոհված զինծառայողների ընտանիքների համար: Ավելի բարձր ամսական պարգևավճար ստանալու համար դրամական օգնություն ստացող զինվորականները կամ նրանց ընտանիքի անդամները պետք է դիմեն նախարարություն ու համապատասխան դիմում ներկայացնեն:

«Եթե անձն այսօր դիմում գրի ու իր զինվորական կերակրողին կորցնելու դեպքում տրամադրվող կենսաթոշակի փոխարեն ցանկանա ստանալ պարգեւավճար, ապա տրամադրվող գումարը կավելանա շուրջ 50 տոկոսով: Անձը հնարավորություն ունի դիմում ներկայացնել եւ այսօրվա` կերակրողին կորցնելու դեպքում տրամադրվող 21 հազար դրամ զինվորական կենսաթոշակի փոխարեն կստանա 31 հազար դրամ ամենամսյա պարգեւավճար»,- ասում է Սմբատ Սաիյանը

Պարգևավճարների բարձրացման համար պետբյուջեից ամսական կպահանջվի 120 մլն դրամ: Զինվորական կենսաթոշակ այսօր տրամադրվում է շուրջ 12 հազար հաշմանդամ զինծառայողի եւ շուրջ 8 հազար զոհված զինծառայողի ընտանիքի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ` ինչու է ամիսներով ուշանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը: Խնդիրն, այո, կա, խոստովանեց պաշտոնյան, միայն թե փորձեց տարհամոզել, թե ուշացումները ոչ թե ամիսների, այլ օրերի կտրվածքով են: Խնդիրները տեխնիկական են, ասաց. նպաստի տրամադրման լիազորությունը տարածքային ծառայություններից կամ ինչպես ասում են «Փարոսից» փոխանցվել են Սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գումարներն արդեն կտրամադրվեն ոչ թե առձեռն, այլ բանկային քարտերով:

«Երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարի մի մասը փոխանցվում է երեխայի անվամբ բացված բանկային հաշվին եւ որպես ընտանեկան դրամագլուխ կառավարվում է մինչեւ երեխայի 18 ըարին լրանալը, եւ անձն իրավունք ունի որոշակի ուղղություններով ծախս կատարել»։ Այս ծրագիրը ներդրվել է այս տարվա հունվարի 1- ից։

Ցուցադրել ավելի
Back to top button