ԿարևորՔաղաքական

Ս. Օհանյան. «Սահմանին վիճակը լարված է, բայց լայնամասշտաբ պատերազմի հենք չկա»

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սահմանին վիճակը լարված է, բայց լայնամասշտաբ պատերազմի հենք չկա»,- ԱԺ- ում խորհրդարանական խմբակացություների հետ այսօր կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասաց  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարն եկել էր խորհրդարարան, որպեսզի օրենսդիրներն առաջին ձեռքից տեղեկանան` ինչ է տեղի ունենում։ Ըստ նախարարի՝ ԱԺ պատգամավորները պետք է մասնակից լինեն բանակային միջոցառումներին` համախմբվեն բանակի շուրջ, ոգևորեն այն ծնողներին, որոնց որդիներն այս պահին ծառայում են բանակում։ «Վիճակը առաջնային գծում լարված է: Ցանկացած ժամանակ մեր հարևանները անկասկած կարող են սանդրանքներ անել, որը կարող է վերաճել պատերազմի: Բայց այսօր մենք ամեն ինչ անում ենք, որ հանդարտեցվի։ Վերլուծելով իրավիճակը կարող ենք ասել ,որ գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր գոյություն չունի»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Այսօր բանակի ցանկացած զինծառայող ունի ռազմական վարպետության աստիճան, իսկ մեր փորձառու զինծառայողները՝ պատերազմի թոհուբոհով անցած մարտիկները,  լինելով նրանց կողքին մարտական գործողություններում կարող են իրենց փորձը փոխանցել ու ոգևորել մեր զինվորներին, ասում է պաշտպանության նախարարը։ «Մեր բանակը առայժմ այս իրավիճակում առանց համալրման առկա ուժերով ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել և դուք տեսաք, որ մենք նախահարձակ ենք ու մեր հուժկու հարվածներից նրանք պետք է խելքի գան»։

«Արաբո» ջոկատի հրամատար Մանվել Եղիազարյանն էլ խելքի գալու կոչեր է անում ղեկավարությանը, ասում է, որ Հայաստանը պետք է բարձրաձայնի ադրբեջանական հիստերիայի մասին, կարծիք հայտնում, որ օգոստոսին 9-ին Սոչիում կայանալիք նախագահների հանդիպումը վճռորոշ է լինելու Հայաստանի համար։ Սերժ Սարգսյանը շատ խիստ պահանջներ պետք է դնի Ալիեւի առաջ, քանի որ Ալիեւը ցանկանում է խլել 7 շրջանները, ասում է։ «Մենք լուռ ու մունջ կանգնել ենք, ու կարծում եմ, որ մեր իշխանությունները այդ պահվածքով ցույց են տալիս, որ չեն ուզում պատերազմել: Իսկ Ալիևը պարզապես չգիտի, որ իր զինվորը ընդունակ չէ հաղթելու ու կռվելու, քանի որ 90-94- ին որդի Ալիևը Մոսկվայում էր»,- ասում է ազատամարտիկը։

Սահմանային վերջին միջադեպերին ադրբեջանական մամուլը և գերատեսչությունները բավական հետաքրքիր արձագանքներ են տվել։ Այսօր տեղեկատվական անվտանգության պաշտոնյաները ընկել էին կոլապսի մեջ, երկար ժամանակ ձայն չէին հանում, ինչն ադրբեջանական հասարակության մեջ լուրջ վրդովմունք բարձրացրեց: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրսւյանը նշում է, որ այս վերջին դեպքերը ևս մեկ անգամ վկայեցին, որ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ էր: Ու եթե նախկինում սուտն ու ճիշտը խառնած էին տարածում, այս անգամ միայն ապատեղեկատվություն էր: Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալումով և ընդդիմադիր կայքեր փակելով՝ իշխանությունը լսարանը դարձրել է գրեթե 100 տոկոսով կառավարելի։

Ցուցադրել ավելի
Back to top button