Հասարակություն

ՀՀ նախագահը ցավակցել է Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ:

«Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին:

Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ լեզվաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

+++

Գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ նՆախագահի մրցանակակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ԵՊՀ վաստակաշատ դասախոս, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը մահացել է 94 տարեկան հասակում։

Մաստարայի յոթնամյա, այնուհետ` Թալինի միջնակարգ դպրոցները ավարտելուց հետո 1938թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ։ 1941-ին 4-րդ կուրսից զորակոչվել բանակ, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը և 1944թ. ավարտել Համալսարանը: 1945-1948թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում և 1952թ. պաշտպանել թեկնածուական, իսկ 1981-ին` դոկտորական ատենախոսությունները, 1955թ. ստացել դոցենտի, իսկ 1984-ին` պրոֆեսորի կոչում:

1946-1948թթ. Հովհ.Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետև՝ մինչև 1958թ., Երևանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս:

1958թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ և 1969-ին ընտրվել Հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977-1985թթ. եղել է Բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990թթ.` Հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ:

Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության, այդ թվում` «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն», «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները», «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները», «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը»: Սկսած 1964թ.նրա խմբագրությամբ, լրացումներով ու մեկնություններով մինչև 2006թ.-ը պարբերաբար լույս էր տեսնում «Տերմինաբանական ուղեցույցը»:

Հովհ.Բարսեղյանը նաև հմուտ բառարանագիր էր, հեղինակ «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարանի», համահեղինակ հինգհատորյա «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի»:

Նրա համահեղինակությամբ էին կազմվել նաև հանրակրթական դպրոցի 4-րդ (Երևան, 1970) և 5-7-րդ (Երևան, 1965) դասարանների «Հայոց լեզու» դասագրքերը:

Ցուցադրել ավելի
Back to top button