Հասարակություն

Համահայկական կրթական խորհրդաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօրվանից մեկնարկել է Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովին, որը կանցկացվի Աղվերանում մինչև օգոստոսի 8-ը կմասնակցեն 134 ներկայացուցիչներ` 19 երկրից: Այս տարվա խորհրդաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Քննարկվելու են Հայոց ցեղասպանության ընկալման հոգեբանական և գիտելիքի ձեռքբերմանն մանկավարժական առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության և Հայ դատի, հայ գրականության դասավանդման հիմնախնդիրերը, ուսուցիչների վերապատրաստման հեռավար ծրագրի բովանդակությունը։

Մեկնարկեց Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովներին հիմնականում քննարկվում են արտերկրում հայկական կրթօջախերի հիմնախնդիրները, հստակեցվում կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Այս տարվա խորհրդաժողովն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող դպրոցական միջոցառումների անցկացման ու համապատասխան նյութերի դասավանդման խնդիրներին, նշեց ԿԳ նախարարի տեղական Կարինե Հարությունյանը։ «Մենք մեծապես կարևորում ենք այս աշխատանքները և համոզված ենք, որ խորությամբ կվերլուծվեն և կարժևորվեն մեր երկրում, ԼՂՀ-ում ընթացքող կրթական բարեփոխումները, ինչպես նաև շահագրգիռ քննարկումներ կծավալվեն հայապահպանության, մեր մշակութային արժեքների միասնության ամրապնդման, համահայկական մտածողության հարցերի շուրջ: Հայկական ինքնության առանցքը հայեցի մտածելն է, մայրենի լեզվին տիրապետելը և դուք ունեք չափազանց մեծ առաքելություն մայրենի լեզուն և հայկական մշակույթը պահպանելու, ամրապնդելու և տարածելու առումով»։

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը: Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց նախագահի օգնական Մարտին Զաքարյանը։ «ՀՀ որպես անկախ պետություն դարձել է աշխարհասփյուռ հայության ազգապահպանման և զարգացման երաշխավորը, բայց դրանով բնավ չի նվազել հայ ուսուցչի դերը ոչ հայրենիքում, ոչ էլ Սփյուռքում: Այժմ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ կրթական խորհրդաժողովի հովանու ներքո հնարավորություն է ստեղծվում համախմբելու բոլորիդ ազգային կրթական հիմնախնդիրները քննարկելու նպատակով: Վստահ եմ, որ այս խորհրդաժողովը նոր և կարևոր հանգրվանի դեր է կատարելու: Համոզված եմ, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են Հայաստանի և Սփյուռքի կրթական խնդիրները համապարփակ քննարկելու և զարգացման նոր ծրագրեր մշակելու համար»։

Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվելու է բանաձև, որը առաջիկա 2 տարիների ընթացքում դառնալու է ԿԳ նախարարության գերակա ուղղությունը: Հիշեցնենք, որ Համահայկական կրթական առաջին խորհրդաժողովն անցկացվել է 2004 թվականին, որին մասնակցել են 25 երկրի 125 ներկայացուցիչներ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button