ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը հինգ օրում տվել է առնվազն 25 զոհ. հակառակորդի բոլոր գործողությունները կասեցվել են

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես պաշտպանական, այնպես էլ կանխարգելիչ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները` ըստ օրերի և ուղղությունների հակառակորդին հասցրել են հետևյալ կորուստները`

  •  հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել.
  • նույն օրը` Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության անհաջող փորձն ավարտվել է 1 զոհով ու վիրավորներով.
  • հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ասկյարի.
  • Պաշտպանության բանակի կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Իրենց ոտքով փախուստի են դիմել 19 ասկյարից միայն 3-ը.
  • նույն ժամանակահատվածում /օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը/ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր.
  • տակավին նույն օրը` Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ասկյար, 4-ին` վիրավորել.
  • օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ՝ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Սա է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին հինգ օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների իրական պատկերը, որին դեռևս կանդրադառնանք:

Ցուցադրել ավելի
Back to top button