Տնտեսական

Համարի պահպանումով բջջայն մեկ օպերատորից մյուսին անցումը այլ խնդիրներ է առաջացրել

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վերջին մի քանի ամիսներին քաղաքացիները բջջային ցանցում զանգ կատարելիս փաստի առաջ են կանգնում` իրենց հաշվից անհասկանալիորեն ավելի գումար է գանձվում: Պարզվում է` խնդիրն այն է, որ այն քաղաքացին, ում զանգ է կատարվում, փոխել է իր բջջային օպերատորին` առանց իր համարի կամ կոդի փոփոխության: Հիշեցնենք` սա նոր հնարավորություն է, որը սպառողին բջջային տիրույթում ազատ ու անվճար տեղաշարժի հնարավորություն է տալիս: Բայց միաժամանակ համակարգում խնդիրներ կան, որոնք բաժանորդներին փաստի առաջ են կանգնեցնում։

Բջջային մեկ օպերատորից մյուսին անցում կատարելու հեշտացումը սպառողներին մոլորության մեջ է գցում: Բաժանորդը կարող է իր համարը նույն կոդով պահպանելով անցում կատարել մեկ այլ օպերատորի սպասարկման տիրույթ: Օպերատորները խոստացել են ու պարտավոր են տվյալ բաժանորդին զանգ կատարողներին իրազեկել դրա մասին, քանի որ տվյալ դեպքում արդեն զանգ կատարողի հաշվից այլ գումար է գանձվում:

Բայց այդ իրազեկումը պատշաճ կերպով չի կատարվում: Օպերատորի փոփոխման մասին իրազեկումը կատարվում է զանգի ազդանշանի ձայնային երանգի մասնակի փոփոխությամբ՝ ազդանշանն ավելի խուլ է լսվում: Բայց զանգ կատարողը կարող է ու շատ դեպքերում պարզապես չի տարբերում ձայնի փոփոխությունը, ու տվյալ դեպքում նրա հաշվից արդեն ավելի գումար է գանձվում:

Խնդրի վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել, «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստեց հանձնաժողովի մրցակցության գնահատման եւ վերլուծության վարչության պետի տեղակալ Գնել Ալավերդյանը։ «Քաղաքացիներն ստանում են համապատասխան ազդանշան, սակայն դա ամբողջությամբ պատկերացում չի տալիս նրա մասին, թե վերջիվերջո որ օպերատորի ծածկույթում են զանգ կատարում»։

Որպես կանոն հայաստանյան օպերատորներն իրենց ցանցում զանգեր կատարելու խիստ մատչելի սակագնային փաթեթներ են կիրառում: Շատ դեպքերում բաժանորդը կոնկրետ գումար վճարելուց հետո ցանցի ներսում անվճար է խոսում, իսկ ցանցից դուրս արդեն սակագները միջինից էլ բարձր են լինում: Եւ երբ, օրինակ, քաղաքացին «Բիլայնի» բաժանորդ է ու այդ ցանցում բոլորի հետ խոսում է անվճար, եւ այդ վստահությամբ հավաքում է «Բիլայնի» կոդով հեռախոսահամար՝ մտածելով, որ խոսում է անվճար, ապա զանգի վերջում հասկանում է, որ իր հավաքած «Արմենտելի»  կոդով համարն այլ տիրույթում էր, ու ինքը պետք է վճարի տեղեկացվածից կամ նախատեսածից ավելին:

Նմանօրինակ խնդիրներ ծագում են բոլոր օպերատորների սպասարկման պարագայում: Համարը պահպանելով մեկ օպերատորից մյուսին անցնելու ծառայությունից օրեցօր ավելի մեծաթիվ քաղաքացիներ են օգտվում, ու դա նշանակում է, որ օրեցօր մեծանում է մոլորության մեջ հայտվող քաղաքացիների թիվը։ «Բողոքների հիման վրա ուսումնասիրություն ենք իրականացրել։ Նախ՝ ուսումնասիրել ենք գործող իրավական դաշտը: Պարզել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ամրագրված է, որ օպերատորները պետք է համապատասխան ազդանշան տան, ինչն էլ օպերատորներն անում են լիովին: Նրանք համապատասխան ազդանշանով քաղաքացուն տեղեկացնում են, որ նրանց զանգահարում են այլ ցանց: Բայց օպերատորների վրա պատասխանատվություն չկա իրազեկել, թե կոնկրետ որ այլ օպերատորի ծածկույթում է արդեն կատարվում իրենց զանգը»։

Խնդրի արմատները, փաստորեն, իրավական դաշտում են: Օպերատորները չեն թերանում իրենց աշխատանքում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն առկա խնդրի մասին իր դիտարկումները փոխանցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Միաժամանակ՝ շարունակվում են ուսումնասիրությունները` հստակեցնելու` այլ երկրներում ինչպես է այս իրազեկումը կատարվում:

Հանձնաժողովն առաջարկում է պարտադրել բջջային բոլոր օպերատորներին՝ պատշաճ կերպով իրազեկել բաժանորդի՝ մեկ ցանցից մյուսին անցում կատարած լինելու մասին` ավտոմատ ձայնային հաղորդագրությամբ տեղյակ պահելով, թե բաժանորդը որ օպերատորից որին է անցում կատարել: Դա շատ կարեւոր է, քանի որ այսօր բազմապիսի սակագնային պլաններ են կիրառվում, ու քաղաքացին իրավունք ունի նախապես որոշել՝ ինքը ցանկանո՞ւմ է այդ սակագնային պլանի մեջ զանգ կատարել, թե՞ ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button