Քաղաքական

Ա. Պապյան. Արեւմուտք- Ռուսաստան հակադրությունը կազդի նաեւ Հայաստանի վրա

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանը մտել է մի խաղի մեջ, որը վտանգավոր է բոլոր առումներով, իսկ հետևանքներից անմասն չի մնա նաև Հայաստանը՝ վերլուծելով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների հետևանքները, նշել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա` Հայաստանը պետք է վերանայի միակողմանի կողմնորոշումը դեպի Ռուսաստան և գտնի այլընտրանքային դաշնակիցներ` հանձին ԱՄՆ- ի ու ՆԱՏՕ- ի, իսկ Ռուսաստանն Արևմուտքի հետ պատերազմում պարտվելու է, որի հետևանքներն արդեն իսկ շոշափելի են: 

Հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում Արևմուտք- Ռուսաստան հարաբերությունները երբևէ այսքան լարված չեն եղել, և քաղաքագետ Արա Պապյանն այս լարվածությունը համարում է ռուսական 3-րդ հայրենական պատերազմի սկիզբ, որում Ռուսաստանն այս անգամ պարտվելու է:

Թեև այս պատերազմը չի ուղեկցվի ռազմական ընդհարումներով, բայց հետևանքները նույնը կլինեն, ինչպես սովորաբար պատերազմներից հետո։ «Ռուսաստանի ներկա ղեկավարությունը փոխարենը գնար Արևմուտքի հետ ավելի համերաշխության, ինտեգրացման ճանապարհով, ինձ համար անհասկանալի պատճառներով որոշեց անպայման հանդես գալ որպես երկրորդ բևեռ և հակադրվել: Եթե հակադրությունը լիներ զուտ ռազմական, Ռուսաստանը որոշ շանսեր գուցե ունենար։ Իհարկե չէր հաղթի, բայց շանսեր կունենար: Բայց հակադրությունը ըստ էության տնտեսական է, և արդեն 3-րդ աստիճանի պատժամիջոցներ ունենք Ռուսաստանի դեմ, անհատներից անցել են արդեն բնագավառների. դա էներգետիկ բլոկն է, ռազմական ոլորտը և բանկային համակարգը: Այսինքն՝ 3 հիմնական ճյուղերը, որոնք Ռուսաստանի 90-95 տոկոս փողն են բերում, այդ ամբողջը դրված է հարվածի տակ»,- ասում է։

Այս լարվածությունն ու պատժամիջոցները ազդելու են նաև Հայաստանի վրա, հետևաբար մենք պետք է փորձենք այլընտրանքային դաշնակիցներ փնտրել: Ճիշտ է` այս ամենը մեր դեմ ուղղված չէ, բայց լինելով փոքր ու խոցելի երկիր, մենք հնարավոր է ավելի շատ տուժենք, քան՝ Ռուսաստանը, ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը։

«Բնականաբար՝ ժամանակ է պետք, որպեսզի սրանց արդյունքներն ավելի զգալի դառնան Ռուսաստանի համար, թեև արդեն  զգալի են: Տարբեր մասնագետների հաշվարկներով՝ 10-24 ամիս է պետք, որպեսզի ռուսական տնտեսությունը ընդհանրապես լրջագույն պրոբլեմներ ունենա՝ տնտեսության գրեթե կոլապս: Մեզ համար դա կարող է լինել ճակատագրական, որովհետև ապրում ենք մի տարածաշրջանում, հատկապես վերջին օրերին ականատես ենք լինում գերլարվածության աճի`սկսած Տավուշից մինչև Աղդամ։ Այդ ամբողջ ռազմական բախումները շատերը բնութագրում են սկսված պատերազմ: Ռազմական բախումներն ըստ էության արդեն անցել են պարզապես միջադեպային իրավիճակից, հետևաբար՝ հաշվի առնելով, որ քաղաքականությունը և տնտեսությունը սերտորեն կապված են, մենք մեր ընտրությունը պետք է ճիշտ կատարենք»։

Քաղաքագետի համոզմամբ՝ այն միակողմանի կողմնորոշումը, որ մենք ունենք դեպի Ռուսաստանի Դաշնությունը, պետք է շտկվի, այլապես մենք ևս խնդիրներ կունենանք Արևմուտքի հետ: Ավելինք` Արևմուտքի հետ մենք պետք է հնարավորինս ամրապնդենք մեր հարաբերությունները,  քանի որ մեզ համար ակնհայտ է, որ մեր հիմնական թշնամի Թուրքիայի հիմնական զսպող ուժը ԱՄՆ- ն ու ՆԱՏՕ-ն են, ու ոչ թե Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button