Անցնող շաբաթ Ադրբեջանը զինադադարը խախտել է 1500 անգամ


ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից՝ անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից տարբեր ուղղություններով ձեռնարկվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր։
Հակառակորդի ներթափանցման բոլոր փորձերը, շնորհիվ հայ դիրքապահների կազմակերպված դիմադրության և բարձր մարտական պատրաստականության ու բարոյակամային հատկանիշների, ժամանակին հայտնաբերվել ու կանխվել են, իսկ վերջիններս, կրելով բազմաթիվ մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով նկատելի քանակությամբ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր: