Միջազգային

Յունուս ամուսիների հետապնդումները մտահոգում են ԱՄՆ- ին եւ ԵԽ- ին

Վաշինգտոնին լրջորեն անհանգստացնում է հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու նկատմամբ քրեական հետապնդումները: «Լեյլա Յունուսի և նրա ամուսնու քրեական հետապնդումը լուրջ մտահոգությունների առիթ է տվել և վկայում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խաղաղ գործունեության հետագա սահմանափակումների մասին»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում հարգել իր քաղաքացիներին՝ ապահովելով նրանց ազատ արտահայտման իրավունքը, ինչը երաշխավորված է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը նույնպես դատապարտել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությունը։ Հանձնակատարն իր Twitter-ի էջում գրել է, որ Յունուսի ձերբակալումը Ադրբեջանում մարդու իրավունքների ցածր ցուցանիշի վկայությունն է։ «Ես կոչ եմ անում կառավարությանը՝ արագ և ամբողջությամբ իրականացնել մարդու իրավունքների ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները»,-ասում է Մարդու իրավունքների հանձնակատարը։

Հիշեցնենք՝ հայտնի իրավապաշտպանները մեղադրվում են պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button