Մշակույթ

Մանկական գրականության զարգացման համար անհրաժեշտ են երիտասարդ մանկագիրներ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մանկական գրականությանը նոր լիցք հաղորդելու համար անհրաժեշտ են երիտասարդ նոր մանկագիրներ։ Աի բան, ինչն այսօր լուրջ խնդիր է, կարևորելով սերնդափոխությունը նկատում է մանկագիր Երվանդ Պետրոսյանը: Մանկագիրն իհարկե գնահատում է նոր գրքերի հարուստ նկարազարդումը, բայց եթե բովանդակությունը թերի է և չի համապատասխանում ձևավորմանը, այդ ամբողջ աշխատանքը դառնում է ինքնանպատակ։

Մեր օրերում մանկական գիրք տպագրելը, ի դեպ, բավականին թանկ հաճույք է, իր հերթին նշեց գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանը, ում հեղինակած «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային նոր գիրքը ոչ միայն հետաքրքիր նկարազարդմամբ է առանձնանում, այլև կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել շատ մանուկների կողմից։ Գիրքը տղայի երևակայության մասին է, ում կյանքում մեծ դեր է խաղում տատիկը։

Երվանդ Պետրոսյանը չի ժխտում`ժամանակները փոխվել են, փոխվել են նաև երեխաների հետաքրքրությունները: Իր թոռն էլ սիրում է հեռուստատեսությամբ ցուցադրվող ռոբոտների և սարսափելի արտաքինով հերոսների մասին պատմող մանկական ֆիլմեր ու մուլտֆիլմեր նայել, բայց Երվանդ Պետրոսյանն ամեն ինչ անում է, որ երեխայի մեջ պահպանվի նաև մանկական հոգեբանությունը, որ երեխան նաև հեքիաթներ կարդա ու ծանոթանա նաև հեքիաթային բարի հերոսներին:

Մանկագիրը կարծում է, որ եթե յուրաքանչյուր ծնող ու յուրաքանչյուր ուսուցիչ կարողանա երեխային ժամանակ հատկացնել և ծանոթացնել ու սիրելի դարձնել մանկական ճշմարիտ գրականությունը, ոչ մանկագիրների աշխատանքը ինքնանպատակ կլինի և ոչ էլ երեխաները կհեռանան գրքից ու ընթերցանությունից:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button