ԿարևորՀասարակություն

Աշխատավարձ, էլ. փաստաթղթավորում, դեղեր, էթիկա. առողջապահության նախարարն ամփոփում է 100 օրը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր աշխատանքային հարյուրօրյա գործունեությունն ամփոփելիս նախ շեշտեց` այո, խնդիրները բազմաթիվ են, ինքն էլ իրեն նախորդած նախարարների իրավահաջորդն է ու նաեւ նրանց ժամանակ կուտակված խնդիրների պատասխանատուն: Հարցերի լուծման հիմքում նախ դրանց դասակարգումն է, ասաց Մուրադյանը ու առկա ռիսկերը բաժանեց երեք խմբի` բժշկական, էթիկական ու ֆինանսական:

Կոռուպցիոն ռիսկերից նախարարը չխուսափեց խոսել. կռուպցիան չկարգավորված բազմաթիվ խնդիրների հիմքում է: Դրա դեմ թիվ մեկ անելիքներից է բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը, որպեսզի հիվանդին ընդունելուց առաջ նրանց աչքն առաջինը հիվանդի ձեռքին չլինի: Բժիշկների աշխատավարձը միջինում ավելանում է 60-70 տոկոսով, բուժքույրերինը` միջինը 15 տոկոսով, առանձին դեպքերում կարող են տարբեր հաշվարկներ լինել։ «Գործող բոնուսային համակարգը հստակեցվելու է, եւ սահմանված 25-30 ցուցանիշի ապահովման դեպքում ամսական 15 հազար դրամ հավելավճար ստանալ, ինչը տարեկան կտրվածքով կդառնա 180 հազար դրամ` որպես 13-րդ աշխատավարձ»,- ասում է նախարարը։

Համակարգում հաջորդ արմատական փոփոխությունն էլեկտրոնային առողջապահության ներդրումն է: Նախարար Մուրադյանը սպասում է, որ թղթե մատյաններից էլեկտրոնային միասնական համակարգի անցումն ընդվզում կառաջացնի, բայց նաեւ վստահ է` կոռուպցիոն ռիսկերն էլ կնվազեն։

Սեպտեմբերից ներդրվելիք դեռ փորձարարական ծրագիրը մասնավորապես ենթադրում է, որ տվյալ հիվանդին առնչվող տեղեկություններն էլեկտրոնային կլինեն` երբ ու ինչ բուժում է ստացել, ինչ դեղորայք, փաստաթղթերի տեղափոխելու խնդիրներ չեն ծագի: Մարդկային գործոնը, ինչ խոսք, չափագրել ու թվայնացնել հնարավոր չէ, բայց բուժհաստատությունների գործողությունները, գնագոյացումը, որակական ցուցանիշերը չափելի են, ու 2015-ի հունիսից սպասվում է այս համակարգի ամբողջական ներդրում։

Դեղերի որակն ու գինը հանրությանն ամենաշատը հուզող թեմաներից է: Հայ սպառողն իր փորձից գիտի` թանկը միշտ չէ, որ որակով է, էժանի որակն էլ իր հերթին է կասկածելի: 16 տարվա բազմաթիվ քննարկումներից հետո այսօր արդեն քննարկման է դրվում օրենքի նոր նախագիծ, որով դեղերի գների վերին շեմ պետք է սահմանվի: Դրանից անցնելը պատժելի պետք է լինի:

Առողջապահության նախարարը նկատում է` պետությունն այս անգամ խառնվում է շուկայական հարաբերություններին ու պարտադրում իրենը: Այս մոտեցումն արդեն եվրոպական տարբեր երկրներում արդարացրել է իրեն: Հայաստան դեղ բերելիս առաջին չափորոշիչն այլեւս մատչելի գինը չպետք է լինի: Բայց նաեւ չպետք է խախտվեն պետգնումների ընթացակարգերը։ «Այստեղ նաեւ դեղերի տեխնիկական բնութագրերի խնդիր կա: Դրանք հստակեցնելիս ոչ միայն քիմիական անունը կլինի որոշիչ եւ գինը, այլեւ տեխնիկական բնութագիրը»:

Բարեփոխումներին ուղղված քննարկումների առանցքում է նաեւ բուժաշխատողների էթիկական նորմերի պահպանման հարցը: Հիպոկրատի երդումն այլեւս խորհրդանշական բնույթ է կրում, նկատում է Մուրադյանը: «Ռադիոլուրի» բարձրացրած խնդրին, ըստ նրա, արդեն լուծում է պետք տալ օրենքով, այն էլ` առողջապահության մասին մայր օրենքով ու նման քայլերի համար պատասխանատվության միջոցների կիրառմամբ, որպեսզի այլեւս բժիշկը հիվանդին չուղղորդի կոնկրետ ֆիրմայի կոնկրետ դեղը գնել կոնկրետ դեղատնից, որպեսզի նորածնին կերակրելիս չուղղորդի մայրական կաթի փոխարեն կոնկրետ ծագման կաթնախառնուրդ տալ ու որպեսզի հիվանդի հոգեբանական խնդիրների հաշվին մասնագետը չինքնահաստատվի այլ բժիշկներին պախարակելով։ «Օրենքում պետք է ամբողջությամբ ամրագրվի, թե ինչ գործառույթներ ու էթիկական ինչ շրջանակներ պետք է ունենալ բժշկի աշխատանքը»։

Բժշկական սխալների մասին տեղեկություններին անդրադառնալով` նախարարը հորդորեց հարցն իր տեղում թողնել` իրավական հարթության մեջ: Նման դեպքերով արդեն 18 դատաբժշկական հանձնաժողով է ձեւավորվել: Էմոցիոնալ ինքնադատաստանի մեթոդը պախարակելի է, ու նախարարությունը նման դեպքերի կողքով անտարբեր չի անցնելու: Մայրաքաղաքից մարզեր մասնագետների ուղեգրումն այդպես էլ սպասված արդյունքը չի տալիս, ուստի մարզերում հնացած մոտեցումներով աշխատող ու նորագույն սարքերին չտիրապետող մասնագետների վերապատրաստման խնդիրը նկատի է առնվելու, խոստացավ Արմեն Մուրադյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button