Հասարակություն

Երևանի մշակութային կյանքը շարունակում է մնալ ակտիվ. Արամ Սուքիասյան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հանրակրթության, մշակույթի և տուրիզմի վարչությունների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների կողմից 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու նշված ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին է այսօր ծանոթացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա նշել է, որ Երևանի մշակութային կյանքը շարունակում է մնալ ակտիվ: Ձեռքբերումներից Արամ Սուքիասյանը առանձնացրել է մշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները, ընթերցողների թվի ավելացումը, Թատրոնների նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրության աճը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի 26 դպրոցներում այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով աշակերտների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի ավելացել է: Աննախադեպ է նաև հիմնանորոգվող դպրոցների թիվը: Քաղաքապետարանն առաջին անգամ է նման մեծ ուշադրություն հատկացնում մշակութային կրթական հաստատություններին, ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին մշակութային կյանքում քաղաքապետարանի կատարած աշխատանքները` նկատեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նրա տեղեկացմամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մասնավորապես գրադարանների բարեկարգմանը: Ըստ այդմ` վերանորոգման աշխատանքներ են տարվում նաև 12 գրադարաններում:

Ավելացել է նաև ընթերցողների թիվը, ինչը վկայում է գրքի նկատմամբ հարգանքի տարեց տարի մեծացման և ընթերցանության վերարժեվորման մասին: Ձեռքբերումներից փոխքաղաքապետն առանձնացրեց նաև մի շարք թատրոններում հանդիսատեսի թվի ավելացումը:

Այսպիսով` Երևանի մշակութային կյանքը շարունակում է մնալ ակտիվ և հետաքրքիր ծրագրերից Արամ Սուքիասյանն անդրադարձավ նաև Դիջեյների փառատոնին և թափառաշրջիկ երաժիշտների համերգային ծրագրին: Դրանք երկուսն էլ նախատեսվում են օգոստոսին: Քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ այս բոլոր միջոցառումներն անցկացվում են երևանյան ամառ ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը:

 

Back to top button