Միջազգային

Բեռլինը հերքում է Մոսկվայի հետ գաղտնի բանակցությունների լուրը

Բեռլինը հերքում է «Գազ՝ տարածքի դիմաց» Մոսկվայի հետ գաղտնի բանակցությունների մասին լուրերը։ «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որեւէ գաղտնի բանակցություն Ուկրաինայի հարցով չեն վարել», Բի Բի Սի- ին հայտնել է Մերկելի մամուլի քարտուղար Քրիստինա Վիրտցը։

«Գազը տարածքի դիմաց» բանաձեւով Ռուսաստանի և Գերմանիայի գաղտնի բանակցությունների մասին հայտնել էր բրիտանական Independent- ը։ Պարբերականը գրել է, որ խաղաղ կարգավորման գաղտնի ծրագիրը կոչված է վերջ դնել Ուկրաինայի հարցով միջազգային հակասություններին:

Հիմնական խնդիրը այդ երկրում իրավիճակի կայունացումն է, ինչպես նաև տնտեսության ամրապնդումը՝ նոր գազային համաձայնագրի ստորագրման ճանապարհով: Բանակցություններին մոտ կանգնած աղբյուները պնդում են, որ ծրագրի իրականացման առաջին փուլում պահանջվում է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ֆինանսական և ռազմական աջակցությունը Ուկրաինայի արևելքի անջատողականներին:

Փոխարենը՝ այդ շրջաններին կտրվեն որոշակի լիազորություններ: Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ չի ներկայացնի, իսկ Վլադիմիր Պուտինն էլ չի խոչընդոտի Ուկրաինա-Եվրամիություն նոր առևտրային հարաբերություններին:

Ըստ Independent-ի՝ Մոսկվան Ուկրաինային կառաջարկի «Գազպորմի» հետ երկարաժամկետ համաձայնագիր: Ռուսաստանը նաև կփոխհատուցի Ուկարիանային Ղրիմում ռազմածովային ուժերի բազայի վարձակալության գումարը՝ Կիևին հանձնելով ֆինանսական փաթեթ մեկ մլրդ դոլարի չափով:

«Գերմանական խաղաղ ծրագիրը դեռևս քննարկման փուլում է և միակ գործարքն է, որի շուրջ կոնկրետ բանակցություններ են ընթանում: Սա Մերկելի գործարքն է, նա անմիջական կապ է պաշտպանում Վլադիմի Պուտինի հետ: Կանցլերը պետք է կարգավորի հակամարտությունը, քանի որ ոչ ոք շահագրգռված չէ ոչ Ուկրաինայում լարվածության, ոչ էլ Ռուսաստանի մեկուսացման հարցում»,- ասել է բրիտանական պարբերականի աղբյուրը:

Ցուցադրել ավելի
Back to top button