Հասարակություն

ՀՀ մոտ 3 մլն բնակչության 92%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է.Պետդեպի զեկույցում է նշված

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով բյուրոն հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում կրոնական ազատության թեմայով 2013թ. զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։

Փաստաթղթում նշվում է, որ թեև ՀՀ սահմանադրությունը պաշտպանում է քաղաքացու կրոնական ազատությունը, այնուհանդերձ որոշ օրենքներ սահմանափակում են այն։ Զեկույցի հեղինակները նշում են, որ 2013թ. արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ կրոնական փոքրամասնությունները խոչընդոտների են բախվել երկրպագության վայրեր կառուցելու հարցում, իսկ կրոնական փոքրամասնությունները ներկայացնող երեխաների դեմ դպրոցներում խտրական վերաբերմունք է կիրառվել։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի անցկացրած ուսումնասիրության արդյունքում։

Նշվում է, որ մայիսին խորհրդարանը հավանություն է տվել այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, ինչի արդյունքում կրճատվել է այլընտրանքային ծառայության ժամկետը, ինչպես նաև  ազատ են արձակվել բոլոր «Եհովայի վկաները», ովքեր, ելնելով իրենց կրոնական համոզմունքներից, հրաժարվել են ծառայել բանակում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվել են հասարակության կողմից խտրականության, անհանդուրժողականության երևույթների։

Ըստ զեկույցի՝ ՀՀ մոտ 3 մլն բնակչության 92%-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, մինչդեռ ընդհանուր բնակչության 5%-ը կազմում են ուղղափառ քրիստոնյաները, ավետարանչական քրիստոնյաները, մոլոկանները, հիսունականները, բապտիստները, «Եհովայի վկաները», մորմոնները, սուննի և շիա մուսուլմանները, հեթանոսներն ու այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է կառավարության դիրքորոշմանը կրոնական փոքրամասնությունների հարցում, ապա փաստաթղթում ասվում է, որ ըստ գործող օրենքի՝ կրոնական խմբերի պաշտոնական գրանցումը բավական բարդ գործընթաց է և որ միայն գրանցված խմբերն ունեն օրինական կարգավիճակ։ Ոչ օրինական կրոնական խմբերին չի թույլատրվում 1.000-ից ավելի օրինակով թերթեր կամ ամսագրեր տպել, վարձակալել տարածքներ, հեռուստատեսությամբ ու ռադիոյով հաղորդումներ հեռարձակել։

Զեկույցի հեղինակները մեջբերում են փետրվարի 28-ին Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Արմինե Դավթյանին կրոնական հիմքերով աշխատանքից հեռացնելու դեպքը։ Կինը պատմել է, որ թեև ինքը որևէ կրոնական կազմակերպության անդամ չէ, այնուհանդերձ իր տեսակետը տարբերվում է Հայ առաքելական եկեղեցու տեսակետից։ Ըստ նրա՝ հենց դա էլ հիմք է ծառայել իրեն աշխատանքից հեռացնելու համար։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև մեդիայի կողմից կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքին։ Նշվում է, որ լրատվամիջոցների մեծ մասը վարկաբեկում է նրանց՝ կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնելով որպես հանցագործներ ու լրտեսներ։

Պետդեպի կարծիքով՝ Հայաստանում միայն Հայ առաքելական եկեղեցուն է իրավական դաշտում զգալի առավելություններ տրված։

Ցուցադրել ավելի
Back to top button