ԿարևորՏնտեսական

ՀՀ Եվրասիական միության անդամակցությունը հայ- լիտվական կապերի զարգացման նոր հնարավորություն է

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայ եւ լիտվացի գործարարներն այսօր Երեւանում քննարկել են համագործակցության նոր հնարավոր ուղիներն ու արդեն առկա գործակցության զարգացման խնդիրները: Լիտվայի Ալիտուս քաղաքից ժամանած շուրջ մեկ տասնյակ գործարարները ներկայացրել են սննդարդյունաբերության, տրանսպորտային ծառայությունների և լոգիստիկայի, բուժտեխնիկայի եւ պլաստիկ արտադրության, անշարժ գույքի, նոր տեխնոլոգիայով թռչնաբուծության ճյուղերը: Այցը ճանաչողական բնույթ է կրել, արդյունքները պետք է սպասել մոտ ապագայում։

Ճանաչողական այցով Հայաստան ժամանած լիտվացի գործարարներին համատեղ գործակցություն ծավալելու առումով առաջին հերթին գրավել է համեղ սնունդը: Բնակլիմայական պայմանները թույլ են տալիս հրաշալի միրգ ու բանջարեղեն ստանալ ու սննդի արդյունաբերությամբ զբաղվել: Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սաուլիուս Վալաինիսը համատեղ գործակցության ներուժը շատ բարձր է գնահատում: Երկկողմ տնտեսական կապերը խթանելու գործը ստանձնած դիվանագետն արդեն առանձնացրել է ներդրումների համար ամենագրավիչ ոլորտը: Վալաինիսը վստահ է` համատեղ ջանքերով կարելի է զարգացնել զբոսաշրջությունն ու մրցակցել լավագույն տուրիստական կենտրոնների հետ:

Շուրջ մեկ տասնյակ լիտվացի գործարարների այցը Հայաստան նա համարում է գործակցության զարգացման առաջին «ծիծեռնակը»: Ընդ որում` Հայաստանի ծրագրված անդամակցումը Եվրասիական միությանը Սաուլիուս Վալաինիսը համարում է երկկողմ կապերի զարգացման նոր հնարավորություն։ «Պետք է ամեն հնարավորից ու ամեն փոփոխությունից վերցնել լավագույնը: Ես կարծում եմ` սա լրացուցիչ հնարավորություն է, որը պետք է օգտագործվի եւ Հայաստանի, եւ Լիտվայի կողմից: Միաժամանակ՝ չպետք է մոռանալ եվրոպական նոր շուկաներ գտնելու անհրաժեշտության մասին»։

Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը խոստովանում է` մինչ լիտվացի գործարարների հետ հանդիպման կազմակերպումն իրենք կասկածում էին` արդյո՞ք հետաքրքրություն կցուցաբերվի նրանց կողմից: Ժամանակին նույն տնտեսության մաս կազմած երկրների միջեւ, սակայն, երկկողմ գործակցության ուղիներ, այնուամենայնիվ, սկսում են նկատվել` պարարտանյութի արտադրություն, սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսության ենթաճյուղեր:

Լիտվան գյուղատնտեսական երկիր է` մսի զարգացած արտադրությամբ: Հայաստանը հետաքրքրում է ոչ միայն որպես արտահանման նոր շուկա, այլեւ համատեղ արտադրություն հիմնելու գործընկեր: Շփումների ժամանակ լեզվի խնդիր էլ չպետք է լինի` գործարարների շփման լեզուն ռուսերենն է։ «Սկզբից տպավորություն էր, թե հետաքրքրություն, չկա, բայց արդեն 30-40 ընկերություն ոչ միայն Ալիտուսից, այլեւ ողջ Լիտվայից հետաքրքրված է Հայաստանի հետ աշխատանքով: Ընդ որում` նրանք ոչ միայն շահագրգռված են Հայաստան արտահանմամբ, այլեւ պատրաստ են մեզանից գնել»,- ասում է Կարեն Մարտիրոսյանը

Վիլնյուսի առեւտրի պալատի ներկայացուցիչ Ռոմուալադաս Ամբրոժյավիչը խորհուրդ տվեց Լիտվայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների փոքր թվաքանակին չհամադրել երկկողմ գործակցության հնարավորությունները: Հայաստանի հետ բիզնես կապերի զարգացումը նրանք դիտարկում են տարածաշրջանի այլ երկրների հետ գործակցության համատեքստում: Պատվիրակության անդամներն արդեն հասցրել են ծանոթանալ գործարարության զարգացման վրացական պայմաններին, որոնք Ամբրոժյավիչը բավականին բարենպաստ է գնահատում: Արդեն նախնական գնահատումներ կան նաեւ Իրանի հետ բիզնես հիմնելու հեռանկարների մասին:

Հայ- լիտվական կապերին նոր տեսք ու որակ հաղորդելուն օժանդակելու պատրաստակամությամբ Վիլյուսի առեւտրի պալատի ներկայացուցիչը խոստանում է բարեխղճորեն փոխանցել ներդրումային միջավայրի վերաբերյալ ստացված ողջ տեղեկատվությունն ու կողմնորոշել տնտեսության առավել գրավիչ ճյուղերի հարցում։ «Ես հավաքում եմ տեղեկատվություն, փոխանցում այն բոլոր հետաքրքրվողներին: Եթե կա հետաքրքրություն ձեր կողմից, պատրաստ եմ դա շարունակել այժմ էլ»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button