Տնտեսական

ՀԷՑ- ը տուգանվեց 15 մլն դրամով

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տուգանեց 15 մլն դրամով: ՀԷՑ- ը «Միկմետալ» ընկերության հետ կնքած պայմանագրի որոշ պահանջներ չի կատարել, ինչի համար էլ «Միկմետալը» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Հանձանաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անդրադարձել է նաեւ ՀԷՑ աշխատակիցների պահվածքին, որոնք բնակիչների հետ «ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք»։

Ո՞ւր է ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը, զայրացած տոնով ընկերության իրավաբան Վարդան Գրիգորյանին հարցնում է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ու ավելի զայրացած տոնով հարցնում. «Մի՞թե ավելի կարևոր գործ ուներ, որ չի եկել այսօրվա նիստին»։ Ու մինչ ընկերության ներկայացուցիչը կհասցներ պատասխանել, Նազարյանը ձայնը ավելի է  բարձրացնում ու ասում, որ ընկերությունը վատ մենեջմենթի պատճառով հայտնվեց նման իրավիճակում։

Այսպիսով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերին» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տուգանեց 15 մլն դրամով՝ Ադոնցի 8 հասցեում կառուցապատվող բազմաբնակարանային շենքի սպառման համակարգը ցանցին չմիացնելու համար: ՀԾԿՀ նիստի ժամանակ հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ 2014 թվականի հունիսի 21-ին «Միկմետալ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` հայտնելով, որ ՀԷՑ-ը սահմանված ժամկետում շենքը չի միացրել էլեկտրական ցանցին:

Ցանցին միացման ժամկետ է սահմանվել է 2012 թվականի հունիսի 27-ը: Բայց շենքի սպառման համակարգը մինչ օրս էլեկտրական ցանցին չի միացվել: Հանձնաժողովը հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հունիսի 26-ին դիմել է ՀԷՑ-ին, իսկ հուլիսի 8-ից մատակարարի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` առաջարկելով 7-օրյա ժամկետում հարուցված վարույթի շրջանակում հանձնաժողով ներկայացնել համապատասխան փաստարկներ և դրանք հիմնավորող փաստաթղթեր:

Նստին ներկայացած ,«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրավաբան Վարդան Գրիգորյանը փորձեց առարկություններ ներկայացնել որոշ կետերի շուրջ, սակայն հանձնաժողովին չբավարարեցին նրա առարկությունները: Իսկ հանձնաժողովի նախագահ Ռոբետ Նազարայանը չբացառեց, որ ընկերության հետ կապված նման իրավիճակներ նորից կկրկնվեն զուտ անպատասխանատու աշխատաձևի պատճառով։

Ի դեպ՝ նիստին ներկա հ/կ ներկայացուցիչները հայտարարեցին, որ չնայած սակագինը բարձրացավ, սակայն էլցաները այդպես էլ որակյալ էլեկտրաէներգիա չմատակարարեցին, իսկ շատ բնակավայրերում մատուցվող էլեկտրաէներգիայի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Դրանցից է Խարբերդ թաղամասը։ Հանձաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը համաձայն էր հասարակական սեկտորի ներկայացուցչի բարձրաձայնած հարցերի հետ, քանի որ հանձնաժողովը նման բազմաթիվ բողոքներ ստացել է բնակիչներից։

«Վերջերս հաճախ եմ նկատել, որ «Հայաստանի էլցանցեր» -ի աշխատակիցները տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ իրենց չափազանց վատ են դրսևորում` մտածելով, թե իրենք են ամեն ինչի տերը : Նման պահելաձևն այսուհետ հսկվելու է, քանի որ մենք չենք կարող թույլատրել նման դեպքեր»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։

Ներկաներին հետաքրքրում էր հատկապես այն հարցը, թե հնարավո՞ր է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված այս տուգանքը ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ տուգանքները պետք է վճարվեն միայն ընկերության շահույթի հաշվին, և դա չի կարող ազդել սակագների վրա: Տեղեկացնենք,որ ՀԾԿՀ որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում՝ այն բողոքարկել հանձնաժողովում կամ վարչական դատարանում։

 

Ցուցադրել ավելի
Back to top button