ԿարևորՀասարակություն

Կարմիր խաչը կասեցրել է Չինարիի բնակչության բերքահավաքին աջակցելու նախաձեռնությունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունն այսօր ափսոսանք է հայտնել Չինարիում բնակչությանն աջակցելու ծրագիրը կասեցնելու կապակցությամբ։

Կարմիր խաչն այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել Չինարի բնակիչների բերքահավաքին աջակցելու նախաձեռնությունը։

«Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում: Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը»,- ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ՝ ԿԽՄԿ- ն ընդգծել է, որ իր «քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին՝ գաղտնի երկխոսության միջոցով: Այսպիսով՝ ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները: Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսելու իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ ի նպաստ զինված հակամարտությունների հետևանքներից տուժող մարդկանց»։

Հայտարարության մեջ նաեւ ԿԽՄԿ- ն պատրաստակամություն է հայտնում շարունակելու սահմանամերձ տարածքներում իր մյուս նախաձեռնությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button