Աշխատանքի տոնավաճառ՝ Արմավիրում


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Աշխատաբնքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայություն գործակալությունն այսօր Արմավիրի մարզկենտրոնում առաջին անգամ կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 25 գործատու յուրաքանչյուր 1-2 թափուր աշխատատեղով հիմնականում սպասարկման և առևտրի ոլորտներում: Տոնավաճառը նպատակ ուներ ազատ ընտրության հնարավորություն ընձեռել և գործատուին և գործզուրկին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայությունն արդեն 8-րդ աշխատանքի շուկան է կազմակերպում հանրապետությունում՝ փորձելով որոշակիորեն օգնել աշխատանք փնտրողներին: Արմավիրում աշխատանքի տոնավաճառն առաջին անգամ էր կազմակերպվում: Մարզի աշխատանք փնտրողները շուկայում անկաշկանդ ընտրություն են կատարում համապատասխան մասնագիտական աշխատանք գտնելու համար, սակայն մասնակից գործատուները հիմնականում սպասարկման ոլորտ էին ներկայացնում և մեծամասամբ հացթուխի, վարորդի, վաճառողի պահանջարիկ ունեն:
Գործատուների թվում էր նաև Սարդարապատի պատմության և ազգային ազգագրության թանգարանը, որտեղ աշխատանքի 2 թափուր հաստիք կա` բանվորի և ցուցանմուշների պահպանողի:
Զբաղվածության ծառայության Արմավիրի տարածքային գործակալության տնօրեն Վարազդատ Ասատրյանի տեղեկացմամբ՝ իրենց գործազուրկներից չորսն արդեն աշխատում է Սարդարապատի հուշահամալիրում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հետաքրքրվեց աշխատավարձի չափով. բարձրագույն կրթությամբ աշխատողներինը 100-120 հազար դրամ է:
Աշխատանք փնտրողներից մեկը թանգարանում թեպետ ցածր աշխատավարձով, բայց իր ամուսնու համար բանվորի աշխատանք գտավ: «Մերձափնյա» ՋՕԸ-ում լավագույն աշխատավարձով աշխատանքը հաշվապահի հաստիքն էր, ընկերությունն ունի նաև ջրբաշխի անհրաժեշտություն: Առաջարկվող աշխատանքների միջին աշխատավարձը 50-80 հազ. դրամ է: «Լիլի» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացրել էր դեղագետի և դեղագործի պահանջարկ և գտավ իր աշխատողին, որի աշխատանքային փորաշրջանի համար վճարներ կատարվելու է զբաղվածության ծրագրով նախատեսված գումարներից:
Աշխատանք փնտրողները գործատուի առաջարկած տարբերակին համաձայնվելուց հետո հատուկ նախատեսված արկղում թողնում էին իրենց տվյալները, որից հետո գործատուն ընտրելու է իր աշխատողին:
Զբաղվածության ծառայության Արմավիրի տարածքային կենտրոնի տնօրենը նշեց, որ իրենք հաճախ են համագործակցում գործատուների հետ՝ պարզելու թափուր աշխատատեղերը: Տարածքային կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ 20 տոկոս աշխատանքի ապահովվածության դեպքում էլ իրենց ծրագիրը արդյունավետ կհամարվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Անահիտ Թամզյանը փաստեց, որ տոնավաճառից հետո իրենք վերլուծություններ են կատարում և 3 ամսվա կտրվածքով պարզում իրական պատկերը, քանի աշխատանք փնտրող գործ գտավ: