Քաղաքական

ԱԳ նախարարն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հուլիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց կողմերի հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button