Հասարակություն

Օգոստոսի 1-ին լրանում է «Առավոտ» օրաթերթի 20-ամյակը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 1-ին լրանում է «Առավոտ» օրաթերթի 20-ամյակը: Պրոֆեսիոնալ և հավասարակշիռ լուսաբանման քաղաքականությունը օրաթերթը պահպանել է բոլոր 20 տարիների ընթացքում: Այսօր էլ Առավոտը շարունակում է մնալ ամենապահանջված տպագիր թերթը: Կար ժամանակ, երբ Առավոտն ամենամեծ տպաքանակն ուներ: Անցել են այդ ժամանակները, բայց ինչպես տպագիր այնպես էլ էլեկտրոնային տարբերակով` Առավոտը այսօր էլ ամենաընթերցվողն է: Թերթի գլխավոր խմբագիրն այսօր պատմել է Առավոտի մարտահրավերիների և ձեռքբերումների մասին, խոսել է նաև Առավոտի մեծ ընտանիքի մասին:

20 տարի առաջ օգոստոսի մեկն էր, երբ լույս տեսավ «Առավոտի» 1-ին համարը: Խմբագրատունն այդ ժամանակ գտնվում էր «Ռոյալ քլաբի» մի քանի փոքր սենյակներում: Այնուհետև խմբագրությունը տեղափոխվեց մամուլի շենք, և ընդամենը մի քանի ամիս անց`դեկտեմբերին, Առավոտին միացավ գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Նրա գալստով «Առավոտը» նոր շունչ ստացավ, դարձավ օրաթերթ և 97 թվականին ունեցավ ամենամեծ տպաքանակը մամուլի ասպարեզում: Առավոտն այսօր էլ ամենաընթերցվող և ամենապահանջված օրաթերթն է դաշտում: Առավոտը առաջիններից մեկն էր, որ կոտրեց կուսակցական մամուլի կարծրատիպը: Այդպես էր 20 տարի առաջ, այդպես է նաև հիմա, ասում է օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Լինելով ամենապահանջված օրաթերթերից մեկը, Առավոտը չէր կարող անտեսել նաև ժամանակի պահանջներն ու ինտերնետային մամուլի առկայությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարը նոր մարտահրավերներ ստեղծեց օրաթերթի համար և Առավոտն ունեցավ նաև իր էլեկտրոնային տարբերակը: Կայքը գործեց ու բավականին ակտիվ, բայց գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի համար առաջնայինը մնում է թերթը:

Առավոտին այսօր էլ հաջողվում է պահպանել հավասարաշռությունն ու պրոֆեսիոնալ սկզբունքները: Առավոտում ի դեպ սերունդները ոչ թե հաջորդում են իրար, այլ միախառնվում ու ներդաշնակ աշխատում` իրար հետ կիսվելով աշխատանքային փորձով ու նոր և թարմ մտահղացումներով: Մեկ ընդհանուր ընտանիք լինելով հանդերձ առավոտցիները նաև պատժվում են թույլ տված կոպիտ սխալի համար: «Առավոտի» խմբագիրը կես կատակ, կես լուրջ խոստովանեց, որ պատժել է անգամ ինքն իրեն` խիստ նկատողության և աշխատավարձի տեսքով: Հիշելով այդ դեպքը նաև հիշեց, որ աշխատողները մեկ առ մեկ մոտենում էին իրեն և խնդրում, որ գոնե աշխատանքից չազատի ինքն իրեն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button