Վերլուծական

Թբիլիսիի սուրբ Էջմիածնի մոտ միջադեպը կենցաղային բնույթ ուներ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ  հայերի և վրացիների միջև տեղի ունեցած բախումը բավականին մտահոգիչ էր՝ ազգամիջյան հարաբերությունների տեսանկյունից: Ինչքանո՞վ է այս տագնապը արդարացված: Ըստ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ջոնի Մելիքյանի՝ օրեր անց կարելի է փաստել, որ կատարվածը պարզապես խուլիգանություն չէր, միևնույն ժամանակ՝ այս դեպքում լայն ազգամիջյան անհանդուրժողականության մասին ևս չարժե խոսել։ «Անդրադառնալով Վրաստանում առկա հակահայկական տրամադրություններին, պետք է փաստել, որ ցավոք այս երևույթը նոր չէ: Վերջին 20 տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղի որոշ քաղաքական ուժեր օգտագործում են հայ համայնքի գործոնը տարբեր տեղեկատվական արշավներում: Երբ անհրաժեշտությունը վերանում է, նույն պահին վերանում են հակահայկական հրապարակումները մամուլում»։

Միևնույն ժամանակ՝ հայ փորձագետը դժվարացավ կապել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ միջադեպը ազգայնական տրամադրությունների հնարավոր նոր ալիքի հետ։

Քննարկմանը տեսակապով մասնակցող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն իր հերթին նշեց, որ բազմազգ Վրաստանում, այնուամենայնիվ, այլատյացությունը առկա է, սակայն այն ավելի կրում է կենցաղային, քան՝ քաղաքական բնույթ։ «Գոյություն ունեն ծայրահեղականորեն տրամադրված վրացիներ, որոնց համար կարևոր չէ դիմացի այլազգի քաղաքացու ինքնությունը: Անընդունելի այս մոտեցումը հատկապես վերջին երկու տարիների ընթացքում հաճախակիացել է թե հայերի, թե մահմեդականների նկատմամբ: Չարժե այս խնդիրը ուռճացնել, քանի որ նման դեպքերը համատարած չեն: Միևնույն ժամանակ՝ պետք է փաստել, որ Վրաստանում այնուամենայնիվ առկա է անհանդուրժողականության խնդիրը»,- ասաց։

Այլատյացություն դավանող քաղաքական ուժերը Վրաստանում մեծ դեր չեն խաղում, սակայն հիմնական իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների թվում կան ազգայնականներ, նշեց վրացի փորձագետը։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզված է, որ տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր և ուներ կենցաղային բնույթ։ «Չեմ կարծում, որ այս միջադեպը որևէ կերպ բացասաբար կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա: Առկա մշտական բարյացակամությունը կպահպանվի»։

Հաշվի առնելով անցյալի փորձը՝ փորձագետը չբացառեց, որ նման դեպքերը կարող են կրկնվել և հետագայում: Ըստ նրա՝ այլատյացությունը և անհանդուրժողականությունը Վրաստանում ավանդաբար եղել են և խարհրդային տարիներին, և դրանից առաջ։

Վրացական քաղաքական շրջանակներում այս միջադեպը հետագայում կարող է դառնալ շահարկումների առիթ, հատկապես, նախկին կառավարող ուժի կողմից, որը ձգտում է հասնել ռեւանշի՝ վերջին համապետական ընտրություններում կրած պարտություններից հետո։

Back to top button