Միջազգային

Եվրոպայում պատերազմ է սպասվում, ասել է Կրեմլի անանուն աղբյուրը

ՅՈՒԿՕՍ-ի գործով Հաագայի դատարանի երեկ կայացրած վճիռը, որի համաձայն Ռուսաստանն ընկերության նախկին բաժնետերերին պետք է վճարի 50 միլիարդ դոլար փոխհատուցում, Մոսկվայի համար առանձնահատուկ կարևորություն չունի, համենայն դեպս՝ Ուկրաինայի հարցով աշխարհաքաղաքական լուրջ սրացման ֆոնին:

«Եվրոպայում պատերազմ է սպասվում։ Մի՞թե դուք կարծում եք, թե այդ վճիռն այդքան կարևոր է»,- «Ֆայնենշըլ թայմս» պարբերականին ասել են Կրեմլում՝ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած աղբյուրները՝ ակնարկելով, որ Ռուսաստանի նախագահի միտքն այժմ այլ՝ առավել կարևոր խնդիրներով է զբաղված:

Հիշեցնենք, որ միջազգային արբիտրաժային դատարանի երեկվա վճռով ապացուցված է համարվում՝ Ռուսաստանն է ՅՈՒԿՕՍ-ին հասցրել սնանկացման: Մոսկվան ունի 10 օր վճիռը բողոքարկելու համար, եթե ոչ՝ վճարումներն արդեն պետք է իրականացվեն 2015 թվականի հունվարի 15-ից: Այդ ժամկետից հետո 50 միլիարդի վրա կսկսեն տոկոսներ գումարվել:

Ի դեպ՝ ռուս մի օլիգարխ, որի անունը «Ֆայնենշըլ թայմսը» գերադասում է չնշել, պարբերականին ասել է, որ Հաագայի դատարանի որոշումն արդարացի էր: Ու թեև ինքը չի սիրում Միխայիլ Խոդորկովսկուն, սակայն խորստովանում է, որ նրա դեմ պայքարի ռուսական իշխանությունների մեթոդներն ապօրի են եղել:

Ինքը՝ Խոդորկովսկին, երեկվա վճռից հետո կանխատեսել է, որ դժվար թե Մոսկվան ինքնակամ համաձայնի վճարել գումարը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի պետական էներգետիկ ընկերություններին՝ «Ռոսնեֆթին» եւ «Գազպրոմին» արտասահմանում սպասում են լուրջ խնդիրներ։

Ցուցադրել ավելի
Back to top button