ԿարևորՀասարակություն

Այս տարվա սեպտեմբերի 1-ից ֆիքսված ցանցում «ԱրմենՏել»-ի սակագները նվազում են

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«ԱրմենՏել»-ը վերանայում է հանրապետության տարածքում ֆիքսված կապի ծառայությունների սակագները: Այս տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր սակագներ: Միջքաղաքային զանգերի 1 րոպեի սակագինը նվազում է 4 անգամ` 20 դրամից իջնելով 5 դրամի, այսինքն` տեղական ու միջքաղաքային զանգերի 1 րոպեն նույն արժեքն է ունենում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է «ԱրմենՏել»-ի կողմից ֆիքսված ցանցում ծառայությունների սակագների մի շարք փոփոխություններ եւս: Միջին հաշվարկով` քաղաքացու ամսական ծախսը նվազելու է 400-500 դրամով:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից ֆիքսված ցանցում «ԱրմենՏել»-ի սակագները նվազում են: Միջքաղաքային զանգերի 1 րոպեի սակագինը նվազում է 4 անգամ` 20 դրամից իջնելով 5 դրամի, այսինքն` տեղական ու միջքաղաքային զանգերի 1 րոպեն նույն արժեքն է ունենում: Նույն 5 դրամն է կիրառվելու նաեւ դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի ու իրավաբանական անձանց համար: Միաժամանակ վերացվում են գիշերային եւ ցերեկային սակագների տարբերակումները: Ընդ որում` 5 դրամը ներառում է նաեւ ԱԱՀ-ն: Վերանայվում է նաեւ 1600 րոպե խոսելուց հետո սակագների փոփոխման նախկին որոշումը: Այժմ նախկինի պես մինչեւ 360 րոպեն բաժանորդի համար անվճար է, դրանից հետո քաղաքացին կարող է անսահմանափակ խոսել 5 դրամով: Հիշեցնենք` նախկինում 1600 րոպեից հետո կիրառվում էր արդեն 9 դրամ սակագինը: Մեկ այլ փոփոխությամբ` 2015 թվականի հուլիսի 1-ից բաժանորդներին տրամադրվող 360 անվճար րոպեների մեջ կներառվեն նաեւ անվճար րոպեներ միջքաղաքային զանգերի համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյան:

«Նշված փոփոխություններով պայմանավորված վերանայվում է նաեւ «ԱրմենՏել»-ի կողմից մատուցվող` իր եւ այլ օպերատորի ամրակցված ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների սակագները` սահմանելով 2.1 դրամ\ րոպե` առանց ԱԱՀ-ի»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու «ԱրմենՏել»-ի 7-8 ամսվա համատեղ հաշվարկները լիովին հիմնավորել են սակագների նվազեցման հնարավորությունը: Նույն ուսումնասիրությունները փաստում են` քաղաքային հեռախոսից օգտվողների թիվը գնալով պակասում է, բջջային կապի սակագների նվազումը ֆիքսված ցանցն ավելի անմրցունակ է դարձնում: Սպառողների շահերի պաշտպաններն այստեղ այլ պատճառ էլ են տեսնում: «Ինչու է հենց հիմա «ԱրմենՏել»-ը նվազեցնում իր սակագները»,- հանձնաժողովի նիստի ժամանակ հարց բարձրացրեց «Սպառողների խորհրդատվություն» ՀԿ նախագահը: Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ այս օպերատորն իր սակագները վերանայում է հենց այն ժամանակ, երբ շուկայում նոր մրցակիցներ են հայտնվում: Այդպես էր բջջային ցանցում, երբ «ՎիվաՍել»-ի մուտք գործելուց հետո աստղաբաշխական սակագները նվազեցվեցին: Այդպես է նաեւ հիմա, երբ շուկայում ֆիքսված կապի ծառայություններ են սկսել մատուցել այլ օպերատորներ եւս: Ինտերնետն էլ կարգավորվեց, երբ մյուս օպերատորներն ավելի կազմակերպված սկսեցին գործել:

«Արդյոք սա ուշացած փոփոխություն չէ, վերջին ժամանակներում անընդհատ զգացվում է, որ «ԱրմենՏել»-ը միշտ ինչ-որ տեղ ուշանում է»:

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հիմնական պատասխանը «լավ է ուշ, քան երբեք»-ն էր: Ասաց` փոփոխությունը բաժանորդներին մեկ քայլով ավելի մոտենալու որոշումների շարքից է: «Կարելի էր թերեւս ավելի շուտ էլ էժանացնել, եթե տեխնիկական փոփոխություններն ավելի շուտ արվեին»,- շարունակեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Միջկայանային կապուղիները փոխվել են, հիմա ամբողջությամբ օպտիկամանրաթելային կապուղիներով են կատարվում զանգերն ու ավելի որակով:

«Շուկա մտած մյուս օպերատորները հիմնականում գործում են Երեւանում ու հանրապետության խոշոր քաղաքներում: Այս որոշման հիմնական նպատակն այն է` գյուղական շրջաններում ու այլ վայրերում ակտիվացնել շուկան եւ հնարավորություն տալ միջմարզային զանգերն էժանացնել»:

Ցուցադրել ավելի
Back to top button