ԱՄՆ Ռուսաստանին մեղադրում է արգելված հրթիռ փորձարկելու եւ պայմանագիրը խախտելու մեջ


Միացյալ նահանգները Ռուսաստանին մեղադրում է արգելված հրթիռներ մշակելու և միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը խախտելու մեջ: Ինչպես հայտնում է «Նյու-Յորք թայմսը», այս առիթով Բարաք Օբաման երեկ իր ռուս պաշտոնակցին հատուկ նամակ է հղել, որում հարցի վերաբերյալ երկկողմ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնել:
Եթե Մոսկվան չվերադառնա փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կատարմանը, Վաշինգտոնն ու դաշնակիցները խորհրդակցություններ կսկսեն: Համաձայնագիրը խախտելու վերաբերյալ Օբամայի վարչակազմը մտահոգություն էր արտահայտել դեռևս այս տարվա հունվարին: Տեղեկացնենք, որ Միացյալ նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը կնքել էին 1987 թվականին:
Այն պարտավորեցնում է կողմերին չփորձարկել բալիստիկ և թևավոր հրթիռներ, որոնց հեռահարությունը 500-ից 5500 կիլոմետր է: