ԿարևորՏնտեսական

Վրաստանում խոշոր էներգավթարի պատճառների թվում չի բացառվում ահաբեկչությունը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երախտագիտության է հայտնել Հայաստանին՝ խոշոր վթարի ժամանակ էլեկտրաէներգիայի տրամադրման համար, ինչի կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել նրա մամուլի ծառայությունը։ Փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւս շնորհակալություն է հայտնել Հայաստանի «եղբայր ժողովրդին»։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան «Իմերեթի» էներգափոխանցման խոշորագույն 500 կՎտ-անոց գծի անսարքության պատճառով Վրաստանի գրեթե ողջ տարածքը հոսանքազրկվել է։

Երեկ երեկոյան Վրաստանում տեղի ունեցած վթարը վերջին չորս տարիների ընթացքում ամենխոշորն էր: Վնասվել է «Իմերեթի» էլեկտրագիծը, որով էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է երկրի արևմուտքից արևելք: Փաստացիորեն՝ երկրի ողջ տարածքը զրկված էր էլեկտրականությունից: Հոսանքազրկվել է հեռուստատեսության աշտարակը, մայրաքաղաքը մնացել է առանց մետրոյի, էլեկտրականությունից զրկվել են երկրի կարևորագույն օբյեկտները: Վթարի պատճառները դեռեւս պարզ չեն, սակայն էներգետիկայի նախարարը կոչ է արել ստուգել նաև ահաբեկչության վարկածը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերության կառավարման միության անդամ Ուչա Ուչանեիշվիլին նշեց. «Իմ կարծիքով՝ դա տեխնիկակական վթար էր։ Չեմ ուզում կառչել ահաբեկչության վարկածից։ Պատճառները ճշտվում են»։

Այժմ էլեկտրաէներգիայի մատակարարումը փուլ առ փուլ վերականգնվում է: Էլեկտրաէներգիա է ստանում Թբիլիսին և երկրի մեծ մասը: Ուչանեիշվիլի հայտնեց, որ երեկ էներգետիկ ոլորտի մասնագետներն անմիջապես գործի են անցել, բանակցություններ են սկսվել նաև հարևան երկրների հետ։ «Ես ուզում եմ երախտագիտություն հայտնել հայ գործընկերներին, ովքեր անմիջապես արձագանքեցին մեր առաջարկին: Ուզում եմ ավելացնել, որ ոլորտի հայ և վրացի աշխատակիցները նույնպես լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ, և նման դեպքերում միշտ իրար օգնության ձեռք ենք մեկնում: Կեսգիշերից` ժամը 12:30-ից մենք էլէկտրաէներգիա ենք ներմուծում Հայաստանից»։

«Վրացական պետական էլեկտրահամակարագ» ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանին մինչև ամբողջովին կվերացվեն վթարի հետևանքները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button