Մշակույթ

Սոնա Ռուբենյանն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի

«Նոր ալիք-2014» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը Յուրմալայում (Լատվիա) մրցույթի փակմանը նվիրված գալա-համերգի ժամանակ հանձնվել է Հայաստանը ներկայացնող 20-ամյա Սոնա Ռուբենյանին:  Ըստ մրցույթի կայքէջի, քվեարկության արդյունքներով Սոնա Ռուբենյանի օգտին գրանցվել է 19 370 ձայն:  Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Քարիմովը ստացել է 18 158, իսկ Լիտվայի ներկայացուցիչ  Մոնիկա Լինկիտեն՝ 16 324 ձայն:  Երեք մրցութային օրերի արդյունքներով Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (220 միավոր):

Մրցույթի հաղթողը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է (228), երկրորդ և երրորդ հորիզոնականներում՝ Ուկրաինայի ներկայացուցիչներ Վիկտորիա Պետրիկն ու Վյաչեսլավ Ռիբիկովն են` համապատասխանաբար 226 և 224 միավորներով: Մրցույթին այս տարի մասնակցում էր 13 երկրների 16 ներկայացուցիչ: Սոնան առաջին մրցութային օրը, որը նվիրված էր համաշխարհային հիթերին,  կատարել է Մայլի Սայրուսի «Wrecking  ball»-ը: Մրցութային երկրորդ օրը՝Սոնան «Նոր ալիք»-ի նախորդ տարիներին մասնակցած երգիչ Մհերի հետ կատարել է Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որն, ինչպես ասել էր Սոնան, նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախօրեին՝ մրցութային երրորդ օրը, Սոնան որպես հեղինակային երգ ընտրել էր Մանե Հակոբյանի և Ազատ Հակոբյանի  «Կարոտ» երգը՝ ժյուրիի բոլոր 7 անդամների կողմից ստանալով ամենաբարձր՝ 11 միավորին:

Ցուցադրել ավելի
Back to top button