Մշակույթ

Հայաստանը «Նոր ալիքից» վերադառնում է «Հանդիսատեսի համակրանքով»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» երգի մրցույթը: Մրցույթում այս տարի հաղթող է ճանաչվել Վրաստանի ներկայացուցիչը: Մեր հայրենակից Սոնա Ռուբենյանը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին, որին, ի դեպ, առաջին անգամւը չէ, որ արժանանում են Հայաստանի ներկայացուցիչները:

«Նոր ալիք 2014»- ն այլևս պատմություն է: Դեռևս հուլիսի 26-ի երեկոյան` մրցույթի վերջին մրցույթային օրը, հայտնի դարձավ, թե ով որ հորիզոնականն է գրավել: «Նոր ալիք» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Ուկրաինայի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը մրցույթի 3-րդ օրը ներկայացրեց «Կարոտ» երգը և ժյուրիի միաձայն գնահատմամբ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Նշենք, որ ժյուրիի բոլոր անդամները Հայաստանի ներկայացուցչին այս երգի համար տվեցին առավելագույն 11 միավորը: Սոնա Ռուբենյանը 19 370 ձայնով արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին։

Հիշեցնենք, որ մրցույթի 2-րդ օրը Սոնան հանդես եկավ երգիչ Մհերի հետ «Հայաստան» երգով, որը բացի ժյուրիի անդամ Իգոր Նիկոլայևից բոլորի կողմից գնահատվեց առավելագույն 11 միավոր։ Այսպիսով` մրցույթն ավարտված է: Հայաստանի պատվիրակությունը հայրենիք է վերադառնում բարձր գլխով և վառ տպավորություններով։

 

Ցուցադրել ավելի
Back to top button