Հասարակություն

Բարի եւ անվտանգ ճանապարհ. գործում են երթեւեկության խախտումների նոր պատժաչափեր

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 26-ից ուժի մեջ են վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունները եւ վերջին օրերին վարորդների միջև զրույցների հիմնական թեման տուգանքների փոփոխված չափերն են: Ոմանք գոհ են նվազումից, ոմանք գտնում են, որ փոփոխված գումարները ևս չեն համապատասխանում կենսամակարդակին: Ինչքանով նոր տուգանքները գործնականում կփոխեն վարորդների կյանքը, պարզ կլինի առնվազն մեկ ամսվա ընթացքում, երբ փոստատարը կհանձնի ճանապարհային ոստիկանությունից ուղարկված վարչական տույժի որոշումը։

Ինչևէ, ամենատարածված խախտումներից է արագության գերազանցումը, նշում է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ «Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100.000): Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000): Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000)»։

Արձնագրված դեպքերի մեծ մասում խախտումները չեն գերազանցում 3 կմ/ժ արագությունը, հավաստիացնում է «Աքիլլեսի» ղեկավարը։ Տուգանքների ժամկետանց վճարումների պարագայում պատժամիջոցներն զգալի մեղմվել են։ «Տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելը կհանգեցնի դրա ավելացմանը 25%-ով (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50%-ով (նախկին հնգապատկման փոխարեն)։

Վարորդները կարող են փաստել, որ առկա գերծանրաբեռնված երթևեկության պայմաններում խախտումները անխուսափելի են: Սակայն որոշ դեպքերում դրանք կրում են, այսպես ասենք, միտումնավոր բնույթ և ավելի խիստ պատիժներ են ենթադրում: Խորհուրդ չի տրվում մեքենա վարելու ժամանակ օգտվել ռադիոկապից կամ հեռախոսակապից, քանի որ տուգանքը 3.000-ից ավելացել է մինչև 5.000 դրամ: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար նախատեսված է 20.000 դրամ տուգանք նախկին 5.000-ի փոխարեն: Խստացվել է և առանց վարարդական իրավունքի երթևեկելու համար նախատեսված պատժամիջոցը, որը վերաբերվում է ոչ թե վարորդներին, այլ կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց: Նրանք կտուգավնեն արդեն 50 հազար դրամով՝ նախկինում 20 հազար դրամի փոխարեն։

Ինչպես ասում են՝ մի խախտիր և չես տուգանվի: Բարի ճանապարհ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button