ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական դիպուկահարները փորձում են խափանել գյուղատնտեսական աշխատանքները

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղում այսօր խաղաղ է: Ադրբեջանական կողմը վերջին շրջանում գյուղն ակտիվ կրակահերթերի տակ է պահում: Կիրակի օրը Չինարին կրկին գնդակոծվել է։ Գիշերը խաղաղ է անցել, սակայն առավոտյան` ժամը 11-ի սահմաններում, երբ գյուղացիները փորձել են մեռելոցի միջոցառումներ անցկացնել, հակառակորդ դիրքերից կրակահերթեր են բացել խաղաղ բնակիչների, դաշտում աշխատող գյուղտեխնիկայի ու անգամ Կարմիր խաչի մեքենայի ուղղությամբ։ Զոհեր չկան, սակայն գյուղը հերթական անգամ նյութական վնասներ է կրել։

Արցախում ու Տավուշի սահմանամերձ գյուղերում սահմանային լարվածությունը տարեցտարի սաստկանում է: Շաբաթական համեմատություններ ու ըստ օրերի վիճակային գնահատումներ անելը, սակայն, դժվար է. ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները պարբերական բնույթ են կրում: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նկատում է, որ շատ ավելի լարված շաբաթներ ենք ունեցել, քան վերջին շաբաթն էր, երբ հայաստանյան լրատվադաշտը պարբերաբար առիթ էր ունենում անդրադառնալու սահմանային միջադեպերին։ «Մենք մի շաբաթ հանգիստ, մի շաբաթ անհանգիստ վիճակներ տարվա ընթացքում շատ ենք ունենում: Էլ ավելի սաստիկ լարվածության շաբաթներ ենք տեսել տարվա ընթացքում»,- ասում է։

Որ ադրբեջանական հակառակորդ դիրքերից կրակում են Տավուշի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների վրա, ցավոք, արդեն նորություն չէ: Երեկ էլ կրակել են Չինարի գյուղի դաշտում աշխատող կոմբայնի վրա՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պահին։ Կոմբայնը հարեւան գյուղից էին ժամանակավոր բերել` աշխատանքներն առաջ գցելու նպատակով, սակայն ստիպված են եղել ոչ միայն դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները, այլեւ կոմբայնը դաշտից դուրս են բերել կրակահերթի տակ։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեց` Կարմիր խաչը նախապես պայմանավորվածություն ուներ ադրբեջանական կողմի հետ, որ գյուղացիների` դաշտում աշխատելու ժամին կրակոցներ չլինեն, մինչդեռ հակառակորդը պայմանավորվածությունը խախտել է և, ըստ Սաղոյանի, կրակ բացել ոչ միայն կոմբայնի, այլև տեղում գտնվող Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի ուղղությամբ։

«Գիշերը խաղաղ է եղել, այսօր առավոտյան` ժամը 11-ի սահմաններում, մեռելոց օր է, մարդիկ գնացել էին գերեզմաններ, կրակեցին, խանգարեցին, դիպուկահարները մի քանի անգամ կրակեցին: Երեկ ամբողջ օրը կրակել են, երեկ չէ առաջին օրը կոմբայնի վրա են կրակել, վնասել, Կարմիր խաչի մեքենան են վնասել: Չեն թողնում, որ մենք մեր հացը հավաքենք, ինչ ասեմ»,- պատմում է գյուղապետը։

Բարեբախտաբար՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծության հետեւանքով վիրավորներ, զոհեր չկան, սակայն մեծապես վնասվում են տներն ու տեխնիկան: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով՝ եթե դաշտում այս սեզոնին չկարողանան աշխատել, գյուղացիներն առանց հացի կմնան: Լարվածություն, այո, կա, խուճապ` ոչ: Տավուշի ժողովուրդը հերոս է, հպարտությամբ նշում է ողջ տարվա ընթացքում կրակի տակ հայտնվող համայնքի ղեկավարը։

«Այս պահին խաղաղ է: Լարվածություն կա, ժողովուրդն էլ արդեն գիտի վիճակը, պաշտպանվում է: Մեր բարեբախտությունն այն է, որ մեր տների 70-80 տոկոսը «մեջքով» է դեպի հակառակորդը: Մարդիկ այնպիսի վայրերում են մնում, որ թշնամու հենակետերից նկատելի չլինի, պատուհաններից կրակը ներս չմտնի: Գիտենք, որ մեր սահմաններն անառիկ են, մտնել չեն կարող, պարզապես հեռվից կրակում են: Մերոնք արժանի հակահարված տալիս են, բայց նրանք դիրքային առավելություն ունեն ու մեր գյուղն անընդհատ կրակի տակ են պահում: Մարդիկ արդեն գիտեն` ոնց կանգնել, որտեղ կանգնել, որտեղ կարելի է շարժվել, որտեղ` ոչ: Դա է»,- իրավիճակը ներկայացնում է Սամվել Սադոյանը։

Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ գյուղերում իրավիճակը խիստ լարված է: Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի բնակիչները ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով ստիպված են լինում պարբերաբար հրաժարվել նորմալ կենցաղից, դադարեցնել այս սեզոնին եռացող գյուղատնտեսական աշխատանքները: Կարմիր խաչը դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել ադրբեջանական կողմից իրեն պատկանող մեքենայի վրա կրակելու առիթով: Փոխարենը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերթական անգամ Ադրբեջանին է դիմում՝ հայտարարելով` ամեն ակտիվացմանը հայկական կողմը կպատասխանի հակահարվածով: «Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»,- հանրապետության նախագահի խոսքերն են:

 

Ցուցադրել ավելի
Back to top button