ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյան.«Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը» (լրացված)

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 20-րդ տարեդարձի, ինչպես նաև այս և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների 2014 թվականի շրջանավարտներին շնորհավորել ու ավարտական վկայականների հանձնմանն է մասնակցել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդանշական է, որ ռազմական ինստիտուտների շրջանավարտներն իրենց ավարտական վկայականները ստացել են Ծիծեռնակաբերդի բարձունքում: Ավելի ուշ հայերնքի պաշտպանության գաղափարով գոտեպնդված այս նորընծա սպաները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում երդվել են դառնալ հեյրենիքի պաշտպանության նվիրյալ զինվորներ:

2014 թվականի ռազմաուսումնական հաստատությունների 416 շրջանավարտներ այսօր ստացան սպայական վկայականներ: Հայերնքի պաշտպանության գաղափարով գոտեպնդված այս նորընծա սպաները ընդամենը մի քանի օրից կհամալրեն հայոց բանակի շարքերը: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վկայականների հանձնումը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Վկայականների հանձնմանը մասնակցում էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով Հայոց բանակի նորաթուխ սպաներին` հորդորեց պատվով կրել սպա լինելու նվիրական կոչումն ու առաքելությունը:

« Լինի դա մեր սահմանները պաշտպանելու, թե առօրյա մարտական պատրաստության գործունեությունը, հիշեք, որ դուք պրոֆեսիոնալ սպայի մասնագիտության կրողներ եք, ուստի առաջնորդեք սեփական օրինակով և եղեք այնպիսի հավերժական արժեքների կրողներ, ինչպիսիք են «Պատիվը», «Պարտքը» և «Հայրենիքը»: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացի անդրանիկ շրջանավարտներին: Դուք եք, որ հանդիսանալու եք այսօրվա երիտասարդ սպաների և բանակի բարձրագույն ղեկավար կազմի միջև կապակցող օղակը»:

Նախագահը նաև նկատեց, որ պատահական չէ ընտրվել նաև ավարտական արարողության վայրը: Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ, նշեց նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»:
2 տասնամյակ առաջ պատերազմին զուգահեռ կանոնավոր զինված ուժեր ձևավորելու դժվարին օրերին հիմնադրվեցին ՀՀ ռազմաուսումնական հաստատությունները, որոնք վաղուց արդեն դարձել են ժամանակակից ռազմարհեստին տիրապետող սաների պատրաստման կենտրոններ և պատվով են կատարում իրենց առաքելությունը, նշեց ՊՆ Սեյրան Օհանյանը:

Հպարտ ու հուզված էին ոչ միայն շրջանավարտների հարազատները, այլ իրենք նորընծա սպաները, ովքեր լավ գիտակցում են իրենց առաքելությունը հայրենիքի պաշտպանության գործում:
Վկայականները ստանալուց հետո ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները հենց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում երդվեցին դառնալ հեյրենիքի պաշտպանության նվիրյալ զինվորներ:

Ցուցադրել ավելի
Back to top button