ԿարևորՀասարակություն

Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան, սակայն այնտեղ մնալու տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումը ուղղված չէ որևէ պետության կամ որևէ օտարերկրացու դեմ: Այս մասին «Ռռադիոլուրի» հետ զրույցում ասել է Վրաստանի արտգործնախարարության պաշտոնյան, անդրադառնալով «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասինե վերջերս ընդունված օրենքին, որը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի մեկից: Սա ընդհանուր ռեժիմ է, որ վերաբերվում է Վրաստան մուտք ու ելք անող բոլոր օտարերկրյա քաղաքացիներին:

Սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը սահմանում է նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանը ուներ ազատ վիզային ռեժիմ, այդ թվում է նաև Հայաստանը: Սակայն ինչպես նշում է Վրաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գեորգի Տաբատաձեն.«Օրինակ եթե խոսքը վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, ապա նրանք կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան, սակայն այստեղ մնալու տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը` 180 օր ժամանակահատվածում»:

Այսինքն աշխատանքային այցերի, հանդիպումների կամ հանգիստը Վրաստանում կազմակերպելու համար վիզա անհրաժեշտ չէ:

Ըստ Տաբատաձեի, սա ստանդարտ ռեժիմ է, որ կիրառվում է Եվրամիության կողմից, երբ օրինակ օտարերկրյա քաղաքացին ուզում է մուտք գործել շենգենյան գոտի: Վրաստանը եվս այսուհետ կկիրառի նման կարգ բոլոր օտարերկրացիների հանդեպ:
Սակայն նրանք, ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։
«Նրանք ովքեր Վրաստան են այցելում կրթության, աշխատելու կամ ընտանիքին (որը ապրում է այստեղ ) միանալու նպատակով, ապա նրանք պետք է դիմեն իրենց երկրում գտնվող Վրաստանի դեսպանություն վիզա ստանալու համար, որի հիման վրա այնուհետև կարող են ստանալ Վրաստանում կեցության իրավունք»:
Կեցության իրավունքն իր հերթին կարող է լինել ժամանակավոր (1-ից մինչև 6 տարի) և մշտական:
ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ղեկավարի խոսքով Վրաստանի միգրացիոն քաղաքանության նոր կարգավորումները նպատակ ունեն առավել արդյունավետ դարձնել այդ գործընթացները` բխեցնելով այն պետության շահերից: Բացի այդ ըստ Տաբատաձեի, Վրաստանը վիզային երկխոսություն է սկսել Եվրոպական միության հետ, որի պահանջներից է Վրաստանի միգրացիոն քաղաքականությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշերին:

Ցուցադրել ավելի
Back to top button