Հասարակություն

Կիրակի Վարդավառ է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հուլիսի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնը: Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որոնց նախորդում է պահքի շրջանը, իսկ հաջորդող երկուշաբթին մեռելոց է:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Ըստ Տեր Կարապետ քահանա Կարապետյանի, այս տոնի հոգևոր խորհուրդը՝ ամենքիս այլակերպության, բարեփոխման անհրաժեշտությունն է:

Հայ Առաքելական Եկեղեցին պահպանել է ազգային սովորույթները, որի վառ օրինակն է Վարդավառի տոնակատարությունը, նշեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա, այս տոնը համարվում էր նաև նշանադրությունների շրջան:
Վարդավառը հատկապես մատաղ սերնդի մոտ ընկալվում է պարզ ասած որպես ջրոցի: Այս սովորույթը ևս ունի ազգային արմատներ:

Տեր Կարապետ քահանա Կարապետյանը խոստովանեց, որ փոքր տարիքում նույնպես ակտիվորեն մասնակցել է Վարդավառի տոնակատարություններին: Նա հերքեց այն կարծիքը, թե մեր եկեղեցին դեմ է այդ օրը ջուր ցողելուն:
Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Տեր Կարապետը հորդորեց հենց այդ օրը այցելել ննջեցյալներին:

Ցուցադրել ավելի
Back to top button