Տնտեսական

Գնաճն ու մարդկանց հոգեբանական խնդիրները

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում գների շարունակական բարձրացումները տնտեսական ու սոցիալական խնդիրներից զատ այլ ազդեցություն էլ ունեն` թերի զարգացած տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիները հոգեբանորեն առավել խոցելի են: Գնաճի համատեքստում հայ տնտեսագետներն արդեն մարդկանց հոգեբանական խնդիրներից են խոսում: Գների շարունակական բարձրացումների դեմ ակտիվ պայքարող քաղաքացիներն էլ գների տարբեր վայրիվերումների մեջ են փորձում տրամաբանություն փնտրել: 

Հայ վիճակագիրներն ամփոփել են այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշերը: Նրանց ներկայացրած տվյալները գալիս են փաստելու` արձանագրված 4 տոկոս գնաճը տեղավորվում է տարեսկզբին կանխատեսվածի սահմաններում: Որքանով են շարքային քաղաքացուն սփոփում վիճակագրական ցուցանիշերը կամ սփոփում են արդյոք, սա հարցի մեկ այլ կողմն է: Փաստը մեկն է` գների հերթական ու շարունակական բարձրացումները մարդկանց ձեռքի փողն են նվազեցնում. շեշտում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Սակագների բարձրացման առաջին ու ամենածանր հարվածը հասնում է փոքր արտադրողին ու շարքային քաղաքացուն: Առաջինն առավել անմրցունակ է դառնում, երկրորդի գնողունակությունն է գնալով պակասում: Խոշոր բիզնեսը խոշոր էլ մնում է, այն հիմնականում դրսի շուկաներին է առնչվում, որոնք փոքր երկրների ներքին շուկաների նման անկայուն չեն

Գնաճի համատեքստում տնտեսագետներն արդեն մարդկանց հոգեբանական խնդիրներից են խոսում: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից 42 դրամի հասցնելու որոշման հետեւանքով գուցե հացը թանկանա մի քանի դրամով, կաթնամթերքի գների վրա նույնպես փոքր ազդեցություն լինի, բայց միմյանց հաջորդող շղթայական խնդիրներն արդեն սոցիալականից հոգեբանական դաշտ են հասցնում. հերթական քայլն ի վնաս գրպանի քաղաքացին ընկալում է որպես նոր քայլ ընդդեմ իր ընտանիքի ու սեփական բարեկեցության: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ամեն ինչի հիմքում պետության վարած քաղաքականության թերություններն է տեսնում:

«Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հացի գնի վրա կարող է ազդել, ենթադրենք, 1 դրամով, կաթնամթերքի գների վրա` 0.1 դրամով, բայց իրական ազդեցությունն ավելի ծանր է ու շղթայական` դա հոգեբանական ազդեցությունն է: Գազի, հոսանքի, ջրի, տրանսպորտի թանկացումն ամեն դեպքում շարքային քաղաքացու գրպանից է փոխհատուցվում: Պետության վարած տնտեսական քաղաքականությունը չի բերում նրան, որ այդ բեռը մեր վրայից ընկնի»:

Տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը կիսում է այս մտահոգություններն ու դրանց ավելացնում սեփականը: Հայաստանն աստիճանաբար հայտնվում է ավելի ու ավելի անբարենպաստ դիրքերում նույնիսկ մրցունակությամբ չփայլող Եվրասիական Միությունում` Բելառուսի, Ղազախստանի համեմատ, քանի որ էներգակիրները, մասնավորապես, էլեկտրաէներգիան արդեն ստացվում են ամենաթանկը ոչ միայն նշված, այլեւ հարեւան երկրներում: Բիզնեսի որ ճյուղերն են գնաճից առավել խոցելին. հարցին անդրադառնալիս տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նախ խնդիր է բարձրացնում` «Ըստ էության` կայացած բիզնես էլ չունենք, որ գնահատենք էլ, թե որ ճյուղը որքանով կարող է տուժել»:

Գների տարբեր վայրիվերումների դեմ ակտիվ զանգվածային պայքարով հանդես եկող «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը որպես քաղաքացի Հայաստանում գների ձեւավորման մեջ տրամաբանություն է փնտրում ու չի գտնում:

«Երբ հայտարարվում է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան թանկանում է, արդեն հուլիսի 1-ից կտեսնես, թե ինչպես են տարբեր ապրանքներ աստիճանաբար սկսում թանկացնել` ապահովելու իրենց հետագա ֆինանսական միջոցները: Առհասարակ, ոչ մի տրամաբանություն չես տեսնում` իսկ այս ապրանքն ընդհանրապես ինչ կապ ունի էլեկտրաէներգիայի հետ: Մեկ էլ լսում ես` շաքարավազն է թանկացել, պարզվում է` ներմուծում են, պահեստավորում, ու պահեստից մեկ էլ սկսում են ավելի բարձր գնով բաց թողնել` պատճառաբանելով, թե պահեստում հոսանք են ծախսել: Ու նմանատիպ բազմապիսի թանկացումներ»:

Ցուցադրել ավելի
Back to top button