ԿարևորՀասարակություն

Վարչապետի աշխատանքային այցը Տավուշի մարզ (լրացված)

լրացվել է ժամը 18։02- ին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Դիլիջան- Երեւան

Վարչապետ Հովիկ  Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Կառավարության անդամներն այցելել են Դիլիջանի  միջազգային  դպրոց, ծանոթացել շինարարական աշխատանքներին, եղել ֆինանսների նախարարության նոր կառուցվող ուսումնական կենտրոնում։

Հայաստանի կառավարությունը նպատակ չունի չեղյալ հայտարարել Որոտանի ՀԷԿ- ի առուվաճառքի պայմանագիրը, այլ շահագրգռված է, որպեսզի այդ գործարքն ստացվի, բայց այն պետք է լինի ի շահ Հայաստանի Հանրապետության, այսօր Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ ցանկությունը մեծ է, որ մեծ ներդրումներ կատարվեն։ Սակայն վարդապետն ինքը որևէ գործարք չի ստորագրի, որը կվնասի երկրի տնտեսական շահին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այդ առումով որևէ ճնշում իր վրա չկա և չի կարող լինել։

Անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որոնց` եթե գործարքն անվավեր համարվի, ապա Որոտանի ՀԷԿ- երի համալիրը կվաճառվի ռուսական կողմին` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց. «Եթե այս գործարքն անվավեր լինի, քանի դեռ ես վարչապետ եմ, թույլ չեմ տա, որ «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրը հանձնվի այլ երկրի»։

Անդրադառնալով իր պաշտոնավարման 100-օրվա արդյունքներին՝ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ չունի կախարդական փայտիկ, որ 100 օրում ամեն ինչ անի։ «Ժամանակ է պետք, ֆինանսական ռեսուրսներ, բայց մենք քաղաքական կամք ունենք, մեր առջև ծառացած խնդիրներին լուծումներ ենք տալու, դա ակնհայտ է»,- ասաց։

Խոսելով ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ ծրագրված ուղիով է շաևժվելու։ «Բոլորը հասկանում են, որ ստվերը միանգամից հնարավոր չէ վերացնել: Բոլոր երկրներում կա ստվեր, ուղղակի մեր երկրում այն մի փոքր ավելի է: Պետք է փորձենք կրճատել այն: Հուլիսի 1-ից բոլորի համար թափանցիկ կերպով քայլեր արվում են: Մենք կոծկելու խնդիր չունենք, հանրությունից թաքցնելու բան չունենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը

Ցուցադրել ավելի
Back to top button