Հասարակություն

Սեւանա լճում նոր բացահայտումներ ՝ հետաքրքրիր գիտության եւ զբոսաշրջության տեսանկյունից

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը Սեւանա լճի ավազանում նոր հետաքրքիր բացահայտումներ է արել: Դրանք խիստ հետաքրքիր են ոչ միայն զբոսաշրջության, այլեւ գիտական տեսանկյունից: Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողներն այսօր հանդիպել են լրագրողներին, պատմել իրենց ձեռքբերումների մասին ու զբոսաշրջիկներին խոստացել ցանկության դեպքում դայվինգի անմոռաց պահեր պարգեւել Սեւանա լճում:

Շուրջ 5 տարի է` Հայաստանի տարածքի մոտավորապես 10 տոկոսը զբաղեցնող Սեւանա լիճը հայտնվել է նոր ուսումնասիրությունների կենտրոնում: Մինչ այժմ տարածաշրջանի ամենամեծ ու ամենաբարձրադիր քաղցրահամ ջրամբարը շատ քիչ է լուրջ ուսումնասիրությունների ենթարկվել. ասում է Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի փոխնախագահ, ԳԱԱ գիտնական Արա Ավագյանն ու ցավով նկատում` հետազոտությունների ողջ ընթացքում իրենք բախվում են օրեցօր ծանրացող մի խնդրի` լիճը չափազանց աղտոտված է` լքված ցանցեր, անվադողեր, պլաստիկ շշեր ու տոպրակներ:

«Պլաստիկ շշերն ընդհանրապես դարձել են պատուհաս: Սա էկոլոգիական ահազանգ է: Իսկ լքված ցանցերում սատկում են ձկները, խոցգետինները, դրանք վտանգում են լճի շարժունակությունը, միաժամանակ շատ վտանգավոր են լողորդների համար»:

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնն արդեն ավարտել է ֆրանս-հայկական գիտարշավի այս տարվա ծրագիրն ու այն ամփոփելիս հետաքրքիր ասելիք ունի: Երկրաբանական գիտությունների դոկտոր, սուզորդ Ստեփան Կոջայանը Ֆրանսիա է վերադառնում` իր հետ տանելով առատ տեսանյութեր ու նկարներ, որոնք պատմում են Սեւանա լճում նոր բացահատված գեղատեսիլ վայրերի մասին: Լճում` Նորատուսից Վարդենիս հատվածում, մի տարածք կա, որտեղ ջրի տակից ավազե պղպջակներ են դուրս գալիս` մանր ու խոշոր: Դրանք երբեմն նարնջագույն երանգ են ստանում, ու սուզորդն իրեն զգում է ինչպես հետաքրքիր գունային երանգներով ակվարիումի մեջ: Լճի հենց այս հատվածում բնաշխարհն ավելի զարգացած է, կենդանական աշխարհը տարբերվում է: Այս տարածքն առանձնապես մեծ խորության վրա չէ, ու անգամ սկսնակ սուզորդները կարող են այցելել, տեսնել, հիանալ: Բացահայտումը խիստ հետաքրքիր է ոչ միայն զբոսաշրջության, այլեւ գիտական տեսանկյունից: Մասնագետները կարծում են, որ այդ պղպջակները կարող են և բնական գազ պարունակել: Երկրաբանական գիտությունների դոկտոր, սուզորդ Ստեփան Կոջայան:

«Դա կարող է ջուր լինել, կարող է գազ լինել, կամ գազի ու ջրի խառնուրդ, իսկ նարնջագույն հետքերը գուցե ջրի բաղադրությունից են, հնարավոր է այն մետաղային պարունակություն ունենա»:

Սեւանա լճում` թերակղզու հետեւի մասում` շուրջ 20-25 մետր խորության վրա, հենց ջրի հարթ ավազանում հայտնվում են հետաքրքիր ծագման սնկաձեւ ժայռեր: Ստեփան Կոջայանը տեղեկացնում է, որ այդ ժայռերից փորձանմուշներ են վերցվել ու փոխանցվել հայ գիտնականներին` հետազոտելու` ինչ ծագում ունեն յուրահատուկ այս ժայռերը, որոնք նաեւ սուզորդների համար խիստ տեսարժան են: Տեսարանները հաջորդում են միմյանց ու միմյանց չեն կրկնում: Բացահայտումների ժամանակ վերցված բոլոր նմուշները տրամադրվել են հայկական գիտական տարբեր հաստատությունների: Հետաքրքրության ու ֆինանսական խնդիրների լուծման դեպքում դրանք կարող են լուրջ փորձաքննությունների առարկա դառնալ:

«Վերջին օրը սուզման ժամանակ մի հատված հայտնաբերեցինք մոտ 20 մետր խորության վրա, որտեղից ջուրը միանգամից սառչում է ու պղտորվում: Սա 2 տարբեր ջերմաստիճանների սահմանն է»:

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի մասնագետները վստահեցնում են` քաղցրահամ ու սառը ջրում սուզումները յուրահատուկ զգացողություններ են պարգեւում, ու հրավիրում են բոլորին` անձամբ մասնակցել դայվինգի Սեւանա լճում: Կենտրոնը պատրաստ է նաեւ սուզորդներ պատրաստել` միջազգային կարգի սերտիֆիկատի տրամադրմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button