Հասարակություն

Ոռոգման ջրի ճգնաժամ Արամվիրի մարզի Շենիկ գյուղում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Վաղ առավոտյան հողագործները դաշտում աշխատելու փոխարեն հավաքվել էին Շենիկի գյուղապետարանի մոտ և դժգոհում էին ոռոգման ջրի սակավությունից: Մշակածը չորանում է, պտղատու ծառերը` նույնպես: Շենիկը նախկինում մասնագիտացած է եղել առվույտի մշակության գործում: Այժմ էլ զգալի տարածքներ են կազմում առվույտի ցանքատարածքները: Եթե չոռոգեն, ապա առվույտը երկրորդ անգամ էլ չեն քաղի և գյուղացիները բանկային վարկերը մարելու խնդրի առաջ կկանգնեն:

Գյուղացիների դժգոհությանը ականջալուր էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Շենիկ ջուրօգտագործոզղների ընկերության գործադիր տնօրեն Սանվել Սարգսյանն ու Ախուրյան-Արաքս ջրառի տնօրեն Էդիկ Սարգսյանը: Ոռոգման ջրի մատակարար ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ Շենիկում նախատեսված քանակի ջուր է մատակարարվել։

Շենիկում, ինչպես նաև մյուս համայնքներում, ջրամատակարարումն իրականացվում է ջրաշրջանառության ձևով, 4 օրվա դադարից հետո ջուր են տալիս, սակայն ջրի քանակությունն այնքան քիչ է, որ չի բավարարում մշակովի տարածքների ոռոգմանը: Առվույտը դեռ մեկ անգամ է քաղվել։ Շենիկի գյուղապետ Կորյուն Մինասյանը ներկայացրեց համակարգի խնդիրները. «Ոռոգման ներքին ցանցի 15 կմ հողային հունով է, կորուստները` շատ։ Եթե 10 օր ջուր ունենան և 7 օր դադար տան, ապա կկարողանան լիարժեք ոռոգել հողերը»։

Մասնագետը բացատրեց, որ ջրամատակարարման առաջարկված տարբերակը նպատակահարմար չի լինի մշակության համար, քանի որ այդ դեպքում ավելի քիչ ջուր կունենան: Ախուրյան-Արաքս ջրառի տնօրեն Էդիկ Սարգսյանը նշեց, որ իրենք մատակարարում են Բավրայից մինչև Ակնալիճ ընկած համայնքները, իսկ Ախուրյանի ջրամբարում ջուրը զգալիորեն նվազել է։

Բացի այն, որ գյուղացիները անհրաժեշտ քանակի ջուր չեն ստանում, ունեն ոռոգման ջրի պարտքեր, բաժանորդների 80 տոկոսի գործերը դատարանում են: Գյուղացիները նույնպես կողմ էին 10-օրյա ջրամատակարարմանը, որպեսզի կարողանան առվույտն ու բոստանը ջրել: Անդրեյ Միքայելյանը 15 հա հող է մշակում, ոռոգման ջրի պատճառով քիչ քանակությամբ առվույտ կստանա, որ կբավարարի միայն հարկերին ու տուրքերին։

Շենիկի ջրատարներից 2-ը իրենց տարողությամբ չեն բավարարում տարածքի հողերի ոռոգմանը: Լեռնիկ Հարությունյանը գյուղի հնաբնակներից է և դժգոհում է 2 ջրատարների ջրթողունակությունից, ջրի խնդիր իրենք միշտ էլ ունեցել են, բայց պետք է ջրանցքները մեծացնեն, որ շատ ջուր ունենան: Գրաֆիկի փոփոխություն չի լինի, գյուղացիներն էլ պետք է համակերպվեն ստեղծված իրավիճակի հետ, նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Խնդիրն ավելի շատ կազմակերպական բնույթի էր, ոռոգման ջրի պակասի պատճառով հարևաններն ու բարեկամները հաճախ թշնամանում են, իրենց տանջանքը ջուրը չլցնելու համար: Գյուղացիները դարձյալ քայլերն ուղղեցին հողամասեր՝ սպասելով հերթական ոռոգմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button