Հասարակություն

Ինչպես է ձեւավորում դատական խնդիրներին վերաբերող հասարակական կարծիքը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ի՞նչպես է ձևավորվում դատական համակարգի նկատմամբ հանրային կարծիքը, ոլորտի ո՞ր թեմաներն են հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ի՞նչ ազդեցություն են ունենում այդ հրապարակումները. այս հարցերի պատասխաններն է փորձել գտնել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն իր վերջին հետազոտւթյամբ:

Վերլուծության համար ընտրվել է 2009թ. հունվարի 1-ից մինչև 2013թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը, ուսումնասիրվել են 26 էլեկտրոնային լրատվամիջոցների այն հրապարակումները, որոնք վերաբերել են դատաիրավական համակարգի գործունեությանը: Ուսումնասիրության հեղինակները փորձել են հասկանալ , թե ինչպես են լուսաբանվում դատաիրավական ոլորտի հիմնախնդիրները էլեկտրոնային լրատվամիջոցներում :

«Երկար ժամանակ առնչվելով դատիրավական համակարգին ու դրա վերաբերյալ հասարակության կողմից ներկայացվող տարբեր հիմնախնդիրներին՝ փորձում էինք հասկանալ, թե ինչպես է ձևավորվում այդ կարծիքը և առհասարակ, ո՞ր խնդիրներն են արծարծվում լրատվամիջոցներում ու ի՞նչ արձագանք են ստանում: Այս նպատակը իրագործելու համար ենք իրականացրել այս հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա կարողացանք ամփոփել դատաիրավական համակարգի, նաև դատախազության գործունեությանն առնչվող հիմնական խնդիրները»,- ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Իսկ հիմնական խնդիրների շարքում հետազոտության հեղինակները ծանոթ երևույթներ են նշում. արդարադատության համակարգի նկատմամբ վստահության ցածր աստիճան, կասկած դատարանների կողմնակալության վերաբերյալ, գործունեության թափանցիկության և հրապարակայնության բացակայություն, անվսատհություն բարեփոխումների նկատմամբ:

Օրինակ՝ անվսատհության մասին խոսելով՝ հետազոտության հեղինակներն ընդհանրացնում են, որ հասարակական վերաբերմունքի վրա էական ազդեցություն է թողնում դատարանների առօրյա, ամենօրյա գործունեությունը: Ըստ նրանց ՝ հանրային կարծիք է ձևավորում ոչ միայն այս կամ այն աղմկահարույց դատական գործը, այլ նաև քաղաքացիների՝ դատարանների հետ անմիջական առնչությունը, նաև լրատվամիջոցներում դատական այնպիսի գործերի հիշատակումները, որոնցով դատապարտվող անձանց կատարած արարքների հասարակական վտանգավորությունը հաճախ անհամեմատելի է այն դեպքերի հետ, որոնցով մեղմ պատիժ է սահմանվում։

Հեղինակները նշում են, որ հետազոտությունը դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հնարավոր բոլոր տեսակետերի հավասարաչափ ներկայացման նպատակ չի ունեցել։ Ի սկզբանե թիրախում եղել են խնդրահարույց երևույթները, ինչ պատճառով էլ վերլուծության մեջ գերակշռում են քննադատական տեսակետներն ու բացասական գնահատականները, ասում է Հայկուհի Հարությունյանը։

Հենց այդ մոտեցումն էլ ՝ կենտրոնանալ միայն բացասական երևույթների վրա, մտահոգիչ է համարում Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Նրա տպավորությամբ՝ զեկույցը փորձում է հիմնավորել դատական համակարգի նկատմամբ բացասական հասարակական կարծիքը։ «Իմ տպավորությամբ՝ ոչ թե նպատակ եք ունեցել հետազոտելու հասարակական կարծիքը, այլ խնդիր եք դրել հիմնավորելու բացասական կարծիքը»։

Ըստ Արսեն Բաբայանի՝ այն , ինչ արվել է հասարակական կառույցի կողմից, դատական դեպարտամենտի ամենօրյա աշխատանքն է: Նա վստահեցնում է, որ կառույցն ուսումնասիրում է մամուլի բոլոր հրապարակումները, բայց ի տարբերություն ՀԿ-ի՝ ոչ թե արձանագրում է դրանք, այլ համեմատություններ ու վերլուծություններ է անում։ «Սա մեր ամենօրյա աշխատանքն է, այս նույնը մենք անում ենք ավելի լայն մասշտաբով։ Այսինքն՝ երբ մամուլում հրապարակումը տեսնում ենք, փորձում ենք համեմատել այլ իրողությունների հետ, հասկանալ, թե որտեղից եկավ, ինչու այսպես հրապարակվեց»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանն ընդգծեց, որ զեկույցում տեղ գտած նյութերը չեն խմբագրվել, չեն վերլուծվել և տեղ գտած բոլոր գնահատականները վերցված են լրատվամիջոցների հրապարակումներից: Ավելի պատկերավոր ձևակերպմամբ՝ տրվել է համակարգի դիագնոզն ըստ լրատվամիջոցների, իսկ բուժման նշանակումն ու դեղամիջոցների ընտրությունն արդեն համապատասխան պետական կառույցների անելիքն է։

Ցուցադրել ավելի
Back to top button