Հասարակություն

Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (լրացված)

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կոմիտասի տուն-թանգարաննն իր դռներն այցելուների առջեւ կբացի արդեն այս տարեվերջին: Այսօր այս մասին կառավարության նիստին հայտարարել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ զեկուցել է` հայագիտական ամբիոն բացելու ծրագրերը Հալեպից տեղափոխվել են Պրահա: Սեպտեմբերից հայագիտական այս կենտրոնն էլ կսկսի իր աշխատանքը: Գործադիրն այսօր հավանության է արժանացրել շուրջ 3 տասնյակ հարց` հիմնականում արձանագրային: Իսկ արդեն կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն անդրադարձել է Թբիլիսիում հայկական եկեղեցու վրա կատարված հարձակմանը` պարզաբանելով, թե հայկական կողմն ինչ միջոցներ է ձեռնարկում:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ 50 հայ վետերանի հանգստի կազմակերպման նպատակով 60 հազարական դրամ կհատկացնի: Կառավարության նիստին այս մասին զեկուցեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախ տեղեկացրեց` Կոմիտասի տուն-թանգարաննն իր դռներն այցելուների առջեւ կբացի արդեն այս տարեվերջին: Այսօրվա օրակարգային հարցով որոշվեց նույն կառույցում կենտրոնացնել նաեւ Կոմիտասի թողած ժառանգությունը, որն այժմ պահպանվում է տարբեր հասցեներում:

«Թանգարանում կարող է եւ թանգարանային, եւ համերգային, եւ գիտական գործունեություն ծավալել: Այն կունենա ձայնադարան, համերգային դահլիճ, գրադարան եւ բոլոր անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքները»:

Գործադիրն այսօր հաստատեց խաղատներում ստուգումները նոր կարգով հաստատելու մասին Ֆինանսների նախարարի ներկայացրած նախագիծը: Հավանության չարժանացան մի շարք պատգամավորների առաջարկությունները` կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Կուսակցությունների գործունեությունը պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանելը կարող է քաղաքական այդ կառույցների գործունեության թափանցիկության ապահովմանը վնասել. կառավարության նիստին նկատեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Որտեղից են գալիս կուսակցությունների ֆինանսները, եւ ինչով են դրանք իրականում զբաղված. այս հարցերը շարունակելու են բացահայտվել կուսակցությունները մշտական աուդիտի տակ պահելու միջոցով: Արդեն կառավարության նիստից հետո Հովհաննես Մանուկյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի: Ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու վրա վրաց ազգայնականների հարձակման գործով: Նախարարն անհրաժեշտ քայլերը տեսնում է ոչ իրավական հարթության մեջ:

«Այնուամենայնիվ, մեր միջեկեղեցական հարաբերությունների, մեր եւ վրաց ժողովրդի ոչ միայն պետական, այլեւ դիվանագիտական կապերի տեսանկյունից հարաբերությունների ջերմացման, ակտիվացման, մշակութային փոխանակման եւ շատ այլ գործիքներ պետք է աշխատեցնենք, որ կարողանանք իրավիճակն ավելի բարելավել»:

Քաղաքացիները շարունակում են ահազանգել` իրենց բանկային հաշիվներին արգելանքներ են դրվում առանց պատշաճ իրազեկման անգամ: Հատկապես հիմա հանգստի շրջան է, մարդիկ արտերկրում երբեմն փաստի առաջ են կանգնում. հաշվի վրա ունեն գումար, բայց այն այս կամ այն պատճառով արգելանքի տակ է հայտնվել: Խնդիրն արդարադատության նախարարին ծանոթ է: Ասում է` հատուկ այս նպատակով թեժ գծի աշխատանքներն ակտիվացվել են, բոլոր ահազանգերն ուշադրության են առնվում: Նախարարությունն այժմ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այսուհետ եթե անգամ արգելանք է կիրառվում, կիրառվի ոչ ամբողջ գումարի վրա, պետք է տարանջատված մոտեցումներ կիրառվեն, իսկ արգելանք կիրառելու դեպքում պատշաճ ծանուցվի այդ մասին:

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պետք է կազմված բոլոր փաստաթղթերում հստակ նշի արգելանքի չափը, գումարի չափը եւ թե որ չափով պետք է արգելանք դրվի»:

Կառավարությունն այսօր որոշեց նաեւ «Հայգազարդ» ընկերության պարտքը մարված համարել` նրանից վերցնելով իրեն պատկանող «Նաիրիտ-2» եւ «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերություններում ունեցած բաժնետոմսերը: «Հայգազարդ» ընկերությունը խոշոր պարտք ունի պետությանն ու «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին: «Նաիրիտ – 2» փակ բաժնետիրական ընկերությունում «Հայգազարդի» բաժնետոմսերը 53,2 տոկոս են, իսկ «Նաիրիտ Գործարան»-ում՝ 3,5 տոկոս:

Back to top button