ԿարևորՀասարակություն

Նախագահը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները:

Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին:

Նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն Հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռևս ընդհանուր մոտեցումներ չեն ձևավորվել և նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա:

Հանրային խորհրդի կողմից հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին: Հանրային խորհրդի անդամները ՀՀ նախագահի հետ քննարկել են նաև խորհրդի ապագա գործունեության հետ կապված հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button