Վերլուծական

Մերձավոր Արեւելքում միաժամանակ երեք պատերազմ է ընթանում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մահմեդական արմատական զինված խմբավորումները վերջին շրջանում ազդեցիկ գործոն են Մերձավոր Արևելքում։ Միանգամից երեք պատերազմ է ընթանում այսօր Մերձավոր Արևելքում: Եվ Իսրայելում, և Սիրիայում, և Իրաքում մահմեդական արմատական զինված խմբավորումներն են հայտնվել ռազմաճակատի առաջնագծում, և այս ակտիվացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Մարտնչող մահմեդականները ներկայացնում են տարբեր շահեր ներկայացնող ուժերի, որոնք ձգտում են իրենց ազդեցությունը ամրապնդել տարածաշրջանում: Ծայրահեղականների մեջ կան փոխադարձ ատելությամբ լցված թե սունիներ, թե շիաներ: Հենց այդ թշնամանքի հետևանքով այդ խմբավորումները չեն գործում միասնական ճակատով, հակառակը՝ հայտնվում են դեմ առ դեմ ռազմի դաշտում, ինչպես դա եղավ Սիրիայում։

Սակայն վերջին օրերին ուշադրության կենտրոնում է Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այստեղ ՀԱՄԱՍ զինված խմբավորումը ձեռնարկել է հերթական փորձը՝ հասնելու հռչակված նպատակին, այն է՝ ջնջել Իսրայել պետությունը քարտեզից, նշում է արաբագետը։  Արաբա- իսրայելական հակամարտությունը տասնամյակներ կրում է շարունակական բնույթ և ժամանակ առ ժամանակ թեժանում է: Այս վերջին սրացումը կապված է երեք հրեա և մեկ պաղեստինցի պատանիների սպանությունների հետ։

Միևնույն ժամանակ՝ Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ ՀԱՄԱՍ-ը մի կողմից չի վայելում լայն աջակցություն արաբական աշխարհում, մյուս կողմից պաղեստինյան խաղաղ բնակչության շրջանում  հարյուրավոր զոհերը և հազարավոր վիրավորները մտահոգում են միջազգային հանրությանը: Սակայն դեռևս տարածաշրջանում գտնվող ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի ջանքերը չեն նպաստում զինադադարի հաստատմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button