Հասարակություն

Արմավիրի մարզում դպրոցների վերանորոգումը շարունակվում է

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի առաջնահերթ լուծում պահանջող 5-րդ հրատապ ծրագրով հատկացված գումարների մի մասը տրամադրվել է դպրոցաշինությանը, մի մասն էլ փոխհատուցվել` գարնանային ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին հողի հարկի և ջրի վարձավճարի դիմաց: Այս տարի նախատեսված է հիմնանորոգել 12 կրթոջախ, 3 դպրոցում էլ կառուցվելւ է լոկալ ջեռուցման համակարգ։

Դատելով տարբեր տարիներին կատարված աշխատանքներից՝ կարելի է ասել, որ դպրոցաշինությունն առաջին տեղում է: Պետբյուջեից և այլ հիմնադրամներից հատկացվող գումարների մեծ մասն ուղղվում է Արմավիրի մարզի կրթօջախների կապիտալ հիմնանորոգմանը, ամրացմանն ու կաթսայատների կառուցմանը: Սակայն դպրոցների շենքերն այնքան վատթար վիճակում են, որ հատկացված գումարները չեն բավարարում դրանց լիարժեք նորոգմանը, դրանք իրականացվում են մաս մաս կամ փուլ առ փուլ։

Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրի շրջանակներում՝ Արմավիրի մարզին սովորաբար տրամադրվում է 1 միլիարդ 330 մլն դրամ գումար, սակայն այս տարի հատկացված գումարները զգալիորեն նվազել են: Արմավիրի մարզում 5-րդ հրատապ ծրագրով հիմնանորոգվելու է 12 դպրոց, որտեղ տարբեր աշխատանքներ են կատարվում. ամրացում, նոր տանիքի կառուցում, պատուհանների փոխում, ներքին հարդարման աշխատանքներ, կաթսայատների կառուցում և լոկալ ջեռուցման համակարգի ներդրում:

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի դպրոցում վաղ առավոտյան աշխատանքները հունի մեջ էին, դպրոցի 2 մասնաշենքից մեկում ամրացման աշխատանքներ էին: Տնօրեն Սուսաննա Սարիբեկյանը նշեց, որ վերջին անգամ 2013 թ.- ին է վերանորոգվել։ Երասխահուն գյուղի դպրոցում սովորում է շուրջ 200 աշակերտ, որի 49 տոկոսը եզդի երեխաներ են։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հաճախ է այցելում դպրոցներ, ծանոթանում շինարարական աշխատնանքերի որակին: Նոր Արտագերսում լոկալ ջեռուցման համակարգ է կառուցվում, սա այն դպրոցն է, որտեղ 2 տարի առաջ ձմռանը դիզելային վառելիքից թունավորման դեպքեր էին գրանցվել, որից հետո անցել էին էլեկտրական մարտկոցներով ջեռուցման տարբերակին: Նոր Արտագերսի դպրոցի տնօրեն Սամվել Խաչատրյանի տեղեկացմամբ՝ անցած ձմռանը ջեռուցումն իրականացվել է համայնքապետարանի միջոցներով, այս տարի դպրոցը կգազիֆիկացնեն և կունենան լոկալ ջեռուցման համակարգ։

Ջրաշենի դպրոցում տանիք էր կառուցվում և մեկ մասնաշենքում ուժեղացման աշխատանքներ էին իրականացվում։ Վերանորոգման համար հատկացվել էր 48.5 մլն դրամ: Հացիկի դպրոցում նույնպես կաթսայատուն է կառուցվում, աշխատանքները մոտենում են ավարտին: «Բաղրամյանշին» ընկերության շինարարության տեղամասի պետ Գարիկ Պողոսյանը նշեց, որ այս տարի իրենք 4 դպրոցում են իրականացնում շինարարական աշխատանքներ` Երասխահունի, Նոր Արտագերսի, Հացիկի և Տարոնիկի, բայց դեռ ֆինանսավորում չունեն։

Հացիկի դպրոցը բացի 5-րդ հրատապ ծրագրից «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի օժանդակությամբ ամբողջությամբ հիմնանորոգվում է։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն դժվար կլինի որոշել, թե մեկ ամսից այն կավարտվի՞, թե՞ ոչ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ 5-րդ հրատապ ծրագրով բազմաբմակարան շենքերի նորոգումներ չունեն այս փուլում, գումարների մեծ մասն ուղղվում է դպրոցաշինությանը։ Այս տարվա գարնանային ցրտահարության պատճառով 275 մլն դրամ փոխհատուցվել է հողի 100 տոկոս վարձի, 50 տոկոս էլ ոռոգման ջրի վարձավճար։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հետևելով շինարարական ընթացքին պահանջեց ամեն ինչ անել, որպեսզի հիմնանորոգվող դպրոցները սեպտեմբերի մեկին պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան:

Ցուցադրել ավելի
Back to top button