Տնտեսական

PayPal վճարային համակարգի գումարները կարելի է հեշտությամբ կանխիկացնել

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Աշխարհում առցանց վճարումների իրականացման ամենաապահով եւ ամենաարագ համակարգերից մեկի` PayPal-ի հաշվին եղած գումարը հայ օգտատերերն արդեն կարող են կանխիկացնել կամ փոխարկել հայկական էլեկտրոնային դրամի՝ իդրամի, այսօր հայտարարել է «Իդրամ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը: Եթե նախկինում հայ օգտատերերը PayPal-ի հաշվին եղած գումարը կանխիկացնելու համար բանկից բանկ ու վճարային համակարգից համակարգ էին անցնում` ամեն տեղ որոշ միջնորդավճար թողնելով, այժմ դա արվում է մեկ քայլով` մեկ վճարումով։

«Մենք կարողացանք գործարկել նախադեպը չունեցող մի ծառայություն` PayPal-ի կանխիկացում: Այսօր PayPal-ը հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել կամ փոխարկել IDram-ով: Գործում է մասնագիտացված paypal.idram.am կայքը, որտեղ պարզապես պետք է նշել ստացողի անուն-ազգանունն ու անձնագրային տվյալները, եւ վերջինս կարող է գալ ու իր գումարը ստանալ IDram-ի 14 մասնաճյուղերից որեւէ մեկում»,- ասում է նա։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում վերջին տարիներին տարեկան շուրջ 25 տոկոս աճ է գրանցում: Եթե չլինեին մի շարք խնդիրներ, մեր երկրում ամենաարագը զարգացող ճյուղերից մեկը տասնյակ տոկոսներով ավելի բարձր աճ կգրանցեր, վստահ է ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը: Թիվ մեկ ու ամենալուրջ խնդրի արմատները մաքսային համակարգում են: Էլեկտրոնային առեւտուր կատարելիս մաքսային ձեւակերպումները մեծածավալ ու փոքրածավալ ապրանքների համար պետք է տարբերակվեն: Փոփոխությունների հույս արդեն կա:

Վարդանյանը տեղյակ է, որ Մաքսային օրենսգրքում որոշակի փոփոխություններ են նախատեսվում, որոնցով պետք է հեշտացվի փոքրածավալ ապրանքների մաքսազերծումը: Հայաստանյան մի շարք բանկեր արդեն միացել են visa համակարգին, ինչը եւս դրսի քարտատերերի համար հեշտացնում է Հայաստանից առեւտուր անելը։ PayPal վճարային համակարգում նոր մեխանիզմի գործարկումը Վարդանյանը կարեւորում է հատկապես Հայաստանից էլեկտրոնային վաճառք կատարողների տեսանկյունից: Միջազգային էլեկտրոնային տարբեր դրամապանակներում ունեցած գումարն այժմ հնարավոր է կանխիկացնել առանց նախկինում առկա խնդիրների բախվելու:

Այսօր Հայաստանից շուրջ 1500 մարդ է առցանց աշխատում` ծրագրավորում, թարգմանություններ, սկայպով հոգեբանական ծառայություններ, այսինքն` առցանց իրենց մտավոր ծառայություններն են մատուցում դուրս: Ու քանի որ հարկային համակարգն էլ այս առումով դեռ ձեւավորված չէ, այս մարդկանց համար շատ մեծ դժվարություն էր իրենց վաստակած գումարների կանխիկացումը։

Կարդացեք նաև
Close
Back to top button