Համշենահայությունը՝ ինքնության որոնումներով


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ովքե՞ր են նրանք` Թուրքիայում ապրող մեր ազգակից համշենահայերը, ինչպե՞ս են իրենք սահմանում համշենական ինքնությունը, ի՞նչ խնդիրների են հանդիպում Թուրքիայում , ինչպե՞ս են փորձում փրկել համշենահայ բարբառը անհետանալու վտանգից. այս հարցերի մասին այսօր խոսել են Թուրքիայի Խոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայերը, ովքեր հայրենիքում են զբոսաշրջիկի կարգավիճակով:
«Բարև ձեզ, ես Ասլան Ջանջն եմ, Խոպայում ծնված եմ 1964թ»,- Թուրքիայում ապրող Ասլան Ջանջընը, ով իր մի քանի ընկերների հետ երեկ է ժամանել Հայաստան, ներկայանում է հենց համշենահայերենով, ապա խոսքը շարունակում է թուրքերենով:
Հենց լեզվի հարցին անդրադառնալով էլ նշում է, որ Թուրքիայում ապրող համշենահայերի մեծ մասն արդեն իր մայրեին լեզվով չի խոսում: Մինչդեռ՝ հենց համշենահայերենն ու նրա կիրառությունն են համշենցիների համար հայկական ծագումը ցույց տվող գլխավոր ապացույցը։ «Պետք է նշեմ, որ համշենահայերենով այսօր խոսում են ոչ բոլոր համշենահայերը: Լեզուն պահպանեվել է Բորչկա գավառում ու Խոպայում, իսկ մյուս տարածքներում, այդ թվում բուն Համշենում, համշենահայերենը մոռացության է մատնվել»։
Ի դեպ՝ համշենահայերենը հայտնվել էր նաև UNESCO-ի կողմից վտանգված ճանաչված լեզուների ատլասում: Ըստ դրա՝ միայն Թուրքիայում 18 լեզու այսօր վերացման վտանգի տակ է, իսկ համշեներենը տեղ է գտել «բացահայտ վտանգված» լեզուների կատեգորիայում։
Ասլան Ջանջընը, ով, ի դեպ, աշխատում է Խոպայի քաղաքապետարանում, ասում է, որ համշենահայերի համար խնդիրը ոչ միայն լեզվի, այլև ընդհանրապես համշենական մշակույթի պահպանումն է: Ընդ որում ՝ հարցը , թե էթնիկ ինչ ինքության կրողներ են համշենցիները, Թուրքիայում առայժմ բաց է կամ հակասկան պատասխաններ է ստանում: Ասլանն ասում է, որ Թուրքիայում ապրող համշենցիներն իրենց համշենցի լինելն ընկալում են որպես հարևան լազերից, վրացիներից, հույներից և քրդերից առանձնացող մշակույթ, առանձին էթնիկ ինքնություն: Սակայն, չնայած այդ ընկալմանը, թուրքաբնակ համշենցիների մեծ մասն էլ համշենականությունը յուրացրել է որպես ներքին ինքնություն, իսկ իրեն էթնիկ առումով համարում է թուրք ազգի մի մասը։
Բանախոսը սա թե թուրքական պետական քաղաքականության, թե տնտեսական ու սոցիալական պայմանների հետևանք է համարում, նաև արդյունք՝ հատկապես վերջին շրջանում ի հայտ եկած մի շարք պատմական աշխատությունների, որոնք առաջ են քաշում այն թեզը, թե համշենցիները ծագում են օղուզական ցեղերից։ «Անհնար է, որ այդ չակերտյալ աշխատություններն իրենց ազդեցությունը չունենան: Համշենցիները մի տեսակ երկդիմի վիճակում են, կասկածների, որոնումների մեջ: Մի կողմից՝ կա հայկական ծագման թեզն ու լեզուն, մյուս կողմից՝ պատմական այն աշխատությունները, ըստ որոնց համշենահայերը օհուզական ծագում ունեն: Այնպես որ, շատերը դեռ որոնումների մեջ են և չեն կարողանում կողմնորոշվել իրական ծագման հարցում»։
Թուրքիայում այսօր մոտ 40 հազար համշենահայ է ապրում, նրանք կենտրոնացած են Արդվին նահանգի Խոպա և Բորչկա գավառներում: Հիմնականում զբաղված են առևտրով, արհեստներով: Իրենց քաղաքական հայացքներում առավելապես ձախակողմյան կողմնորոշում ունեն։
Նրանց հայկական ծագման առաջին ու հիմնական ապացույցը հայերենի բարբառ հանդիսացող համշենահայերենն է: Թե ինչպես են փորձում պահպանել այն կամ փրկել վերացումից, հարցին պատասխանելով համշենահայերը մի քանի ձեռնարկների են կարևորում: 2011-ից գործում է «Հատիկ» միությունը , որը հիմնվել է համշենական լեզվի, մշակույթի, պատմության պահպանմանը միտված գործունեություն ծավալելու նպատակով:
Բանախոսներն ասում են, որ «Հատիկի» հիմնումով Թուրքիայում առաջին անգամ համշեներենով հաղորդակցվող համշենցիները միավորվեցին մեկ կառույցի մեջ: Նշում են նաև մեկ այլ ձեռնարկ, որը նախատեսվում է. Թուրքիայում սեպտեմբերից լույս կտեսնի նաև առաջին ամսագիրը համշենահայերենով։ «Առաջին համշենահայկական ամսագիրը Թուրքիայում՝ «Գոր», որը համշենահայերենով նշանակում է հավաքական աշխատանք»։