Հասարակություն

Կամո Արեյան.Ասֆալտապատվում են առաջին անհրաժեշտության փողոցները, որեւէ ֆինանսական միջոց չի փոշիացվում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այսօր ներկայացրել է 2014թ. ծրագրերով իրականացվող բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության ոլորտներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Քաղաքապետի տեղակալը իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքի վերաբերյալ և նշել, որ նման մեծ ծավալի աշխատանք Երևան քաղաքում առաջին անգամ է իրականացվում: Անդրադառնալով ասֆալտապատման մեծածավալ աշխատանքներին, Արեյանը նշել է, որ վերանորոգվող որևէ փողոց վերջին տասնամյակում չի ասֆալտապատվել ու որևէ ֆինանսական միջոց չի փոշիացվում:

Մայրաքաղաքում այս տարի իրականացվող շինարարական ու բարեկարգման անընդհատ և մեծածավալ աշխատանքներն ամենևին էլ պատահական չեն: Պատճառը շինարարության ոլորտին հատկացված գումարներն են, որն այս տարի էապես գերազանցել է նախորդ տարիների բյուջեն, նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը` առանձնացնելով ոլորտում կատարված առավել կարևոր աշխատանքները:
«Հունիսի 14-ին ամբողջովին ավարտվեց և շահագործման հանձնվեց Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող արագընթաց մշտական երթևեկության մայրուղին: Ճանապարհաշինության ոլոտում աշխատանքներ են ընթանում Արշակունյաց պողոտա, դեպի Նորագավիթ 1-ին փողոց, այնուհետև Արտաշատի խճուղի դուրս եկող ճանապարհը, դրան զուգահետ իրականացվում է դեպի Արգավանդի հանգույց, Տիչինա փողոցը շրջանցող Շիրակի փողոցի հատվածը ամբողջությամբ»:

Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում այս տարի իրականացվելու է շուրջ 2 մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու են ամեն տարի ասֆալտապատում միևնույն՝ հարթ փողոցները ու անտեսում իսկապես ասֆալտապատման կարիք ունեցող բազմաթիվ փողոցներ, փոխքաղաքապետը պատասխանեց, որ ներկայումս ասֆալտապատվող և ոչ մի փողոց վերջին 10 տարիներին չի վերանորոգվել:
«Սրանք բանուկ ծանրաբեռնված փողոցներ են, որոնք հագեցած են ստորգետնյա կոմունիկացիոն մեծ ցանցերով: Փողոցների գերակշիռ մասը մարզից մարզ տրանզիտ դեր կատարող ինտենսիվ բեռնատարներով ծանրաբեռնված փողոցներ են: Որևէ ֆինանսական միջոց չի փոշիացվում, որևէ փողոց որ ենթակա չէ նորոգման, չի նորոգվում, պատահական փողոցներ չեն ընտրվում, որևէ շռայլություն Երևանի քաղաքապետարանը չի կարող իրեն թույլ տալ»:

«Ռադիոլուր»-ն էլ հետաքրքրվեց, թե ինչու այդ աշխատանքները չեն իրականացվում գիշերային ժամերին` խուսափելու համար խցանումներից: Կամո Արեյանը հայտնեց, որ աշխատանքների զգալի մասն իրականացվում է հենց գիշերային ժամերին ու դա է պատճառը, որ ասֆալտապատման աշխատանքները այդքան դանդաղ են ընթանում: «Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց նաև, թե ինչու են հետիոտնային անցումները կանգառներից հեռու գծանշվում և կառուցվում: Քաղաքապետի տեղակալը համաձայնելով դիտարկմանը նշեց, որ խնդրի լուծման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում ՃՈ հետ: Կամո Արեյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է մետրոպոլիտենի ևս 2 կայարանի կառուցում:

Կամո Արեյանը անդրադարձավ քաղաքապետարանի աշխատանքներին այլ ոլորտներում ևս: Նա նշեց, որ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև կոմունալ տնտեսության, բնապահպանության, տրանսպորտի, փողոցների արտաքին լուսավորման և սոցիալական ոլորտներում: Բոլոր աշխատանքներ ըստ փոխքաղաքապետի ընթանում են նախանշված ժամանակացույցի համաձայն:

Back to top button