Հասարակություն

ԼՂՀ պատմության մեջ՝ երկրորդ տեղական հանրաքվեն

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախում տեղի ունեցած երկրորդ տեղական հանրաքվեի արդյունքները: Առաջինը հինգ ատրի առաջ էր, դրա արդյունքում միավորվեցին Քաշաթաղի շրջանի Տանձուտ և Ծիծեռնավանք համայնքները, երկրորդը, որ դարձյալ համայնքների միավորման հարցով էր, տեղի է ունեցել անցած կիրակի Մարտունու շրջանի Ճարտարի եւ Ղուզե Ճարտարի համայնքներում: 

Արցախի Մարտունու շրջանում նույն աշխարհագրական տարածքում առանց տեսանելի որևէ սահմանազատման Ճարտար անունով չորս գյուղ կար: Որն է ամենահին բնակատեղին, որը որի ծնունդն է, որ ճարտարցիներն են «ամենա-ամենա»- ն, այս հարցերի շուրջ ճարտարցիների ոչ մեկ սերուդ է բանավիճել, այնքան, որ այդ մրցակցության մասին Արցախի բոլոր ծայրերում են տեղյակ:

Խորհրդային տարիներին Ճարտարները միավորվեցին և սոցիալիստական աշխատանքի հերոս Սուրեն Ադամյանի գլխավորությամբ դարձան միության ամենահռչակավոր և հարուստ տնտեսություներից մեկը: Տնտեսակարգի փոխվելը փոխեց ամեն ինչ, միասնական տնտեսությունը քայքայվեց, մնաց փառքի մասին հպարտությունը ու մրցակցությունը ձևավորված երկու համայնքների միջև՝ Ճարտարի, որը նաև Գյունե Ճարտար անունն ունի և Ղուզե Ճարտարի: Բառացիորնեն անունները նշաանկում են՝ արևկող և ստվերոտ:

Հիմա այդ համայնքների կրկին միավորվելու հարցն է դրված և ճարտարցիները, այսպիսի հավաքական անուն ունեն բոլորը՝ անկախ արևկող թե ստվերոտ բնակավայրում են ապրում, հանրաքվեի օրը ասում էին, որ իրենք համերաշխ են և իրենց միջև որևէ մրցակցություն չկա:

Կիրակի տեղի ունեցած հանրաքվեի քվեաթերթիկում մեկ հարց է՝ «Ցանկանո՞ւմ եք, որ Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքները միավորվեն մեկ՝ Ճարտար համայնքում»: Ճարտարցիները պատասխանելով այդ հարցին համոզված են, որ հանրաքվեի արդյունքները ճակատագրական են լինելու և միավորված Ճարտարը լրացնելու է Արցախի քաղաքների թիվը:

Միավորման առավելությունները նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանն է մատնանշում: Առաջին հետևանքը, բնականաբար, զգալու են գործող համայնքապետերը: Բնակավայրը իր նոր կարգավիճակը հաստատվելուց հետո, բնականաբար, մեկ ղեկավար է ունենալու։ Ինչպես գործող համայնքապետերը, այնպես էլ երկու համայնքների բնակիչները կիրակի, մի կողմ թողնելով բոլոր տարակարծությունները, կողմ են քվեարկել համայնքների միավորմանը։

 

Back to top button