Մշակույթ

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնն ամբողջովին վերանորոգելու համար անհրաժեշտ է 4 մլն լարի

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը երկար ժամանակ արդեն վթարային վիճակում է: Այստեղ պետք է կատարել ոչ միայն վերանորգման, այլև շենքի ամրակայման աշխատանքներ։ Շենքային նման պայմանների պատճառով թատերախումբը ներկայացումները բեմադրում է Վրասատանի Գրիբոյեդովի անվան թատրոնում, ինչը մեծ ծախսեր է թատրոնի համար:

Թբիլիսիի  Հավլաբար թաղամասում գործող Պետրոս Ադամյանի անվան  հայկական դրամատիկական թատրոնն աշխարհում գոյություն ունեցող միակ պետական թատրոնն է` Հայաստանի սահմաններից դուրս: Թատրոնի ձևավորման մեջ իր անփոխարինելի ավանդն է  ունեցել հայ ռեալիստական թատերգության հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: Թատրոնի շենքը հատկացվել էր վրացական կառավարության կողմից 1936թ-ին: Կառուցման օրվանից այն մեկ անգամ է նորոգման ենթարկվել, բայց այսօր անհնար է դարձել այնտեղ աշխատելը: Բեմում ներկայացումներ անցկացնելն արգելված է, որովհետև հետևանքները կարող են անդառնալի լինել: «Ռադիոլուր»-ի հետ զրուցում թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը նշեց, որ այս տարի որոշակի հույսեր ունեն,որ թատոնը կվերանորոգվի: Հույսը թատրոնի տնօրենին տվել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Թատրոնն ամբողջովին վերանորոգելու համար անհրաժեշտ է 4 մլն լարի: Թատրոնի տնօրենն ասում է, որ եթե միայն ամրացվի վթարային պատը ու վերանորգվի տանիքը, որպեսզի անձրևաջրերը չթավեն բեմահարթակի ու դահլիճի վրա, ապա մի կերպ կկարողանան խաղալ իսկ եթե ոչ, ապա կհայտնվեն փողոցում: Նկատենք, որ ներկա պահին թատրոնը փորձերը անցկացնում է այդ վթարային շենքում, իսկ ներկայցումները բեմադրվում են Վրաստանի Գրիբոյեդովի և Պատանի հանդիսատեսի թատրոններում, որը մեծ ծախսեր է պահանջում թատրոնից:

Այսօր թատրոնում աշխատում է մոտ 30-35 երիտասարդ դերասան-դերասանուհի: 5 տարին մեկ Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում հատուկ կուրս է բացվում Պետրոս Ադամյանի թատրոնի համար: Թատրոնն այս տարի 7 նոր ներկայացում է բեմադրել: Հյուրախաղերով հանդես են եկել Վրաստանի տարբեր շրջաններում: Երևանից էլ հրավիրել են երկու առաջատար ռեժիսոր՝ Վահե Շահվերդյանին, ով բեմադրելու է Շիրվանզադեի «Չար ոգին» և Հակոբ Ղազանաչյանին, ով բեմադրել է Կարինե Խոդիկյանի «Սիրո Գաղտնիքը» պիեսը: Առաջիկայում էլ թատրոնը պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ Գյումրիում,Վանաձորում և Երևանում:

Back to top button