Հասարակություն

Ադրբեջանցի դիվերսանտներին պատրաստվում են Սաֆարովի նման հերոսացնել

Քարվաճառում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտները կարող են արժանանալ մեկ այլ ադրբեջանցի հանցագործի՝ Ռամիլ Սաֆարովի դափնեպսակին։ Ինչպեսև ադրբեջանական բանակի մարդասպան սպային, նրանց նույնպես պատրաստվում են հերոսացնել:

Այսօր Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է, որ Քարվաճառում  գերի ընկած ադրբեջանցիները իսկական հայրենասերներ են և հերոսներ:«Այդ մարդիկ օրինակ են մեր երիտասարդության համար, մենք մեր երիտասարդությանը նախապատրաստում ենք մեր տարածքների ազատագրմանը»,- Աղդամի ազատագրման կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում, «օկուպացման» 21-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Հասանովը։ Ադրբեջանի փոխվարչապետը նաև հայտնել է, որ այս երկրի կառավարությունը հատուկ հայտարարություն է տարածելու ադրբեջանցի դիվերսանտներից Հասան Հասանովի սպանության կապակցությամբ։

Իր հերթին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմի Դորոխինն այսօր ի պատասխան ադրբեջանցի պատգամավորների հարցումներին հերքել է ավելի վաղ տարածված լուրը, թե ադրբեջանցի դիվերսանտներից մեկը՝ Դիլհամ Ասկերովը, Ռուսաստանի քաղաքացի է: «Քարվաճառում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվածների մեջ Ռուսաստանի քաղաքացիներ չկան»,- ասել է Վլադիմիր Դորոխինը։

Back to top button