ԿարևորՔաղաքական

Ուկրաինան շահագրգիռ է աղետի օբյեկտիվ հետաքննության հարցում, ասում է դեսպան Կուխտան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ուկրաինան ունի փաստեր, որ  Դոնեցկի մարզում հուլիսի 17-ին կործանված մալայզիական  ինքնաթիռը  ոչնչացրել են անջատողականները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա նշել է, որ այդ փաստերն ու ապացույցներն Ուկրաինայի կառավարությունը կփոխանցի  Ավիացիոն միջազգային կոմիտեի՝  աղետի հետաքննությամբ զբաղվող փորձագիտական հանձնախմբին։ Ուկրաինան շահագրգիռ է աղետի   օբյեկտիվ հետաքննության և  պատճառների բացահայտման հարցում, ասել է Ուկրաինայի դեսպանը: Նա նաև մեղմ է որակել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Ուկրաինան ունի ծանրակշիռ ապացույցներ, որ Դոնեցկի մարզում հուլիսի 17-ին կործանված մալայզիական  ինքնաթիռը  ոչնչացրել են  Ռուսաստանի կողմից զինվող անջատողականները, այսօր «Մեդիա» կենտրոնում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։ «Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը և  այլ կառույցներ ունեն լուրջ ապացույցներ, որ ինքնաթիռը կործանել են անջատողական ուժերը, ովքեր վերահսկում են Դոնեցկի ու Լուգանսկի տարածքները»։

Այս հայտարարությունից հետո դեպանը նշեց, որ ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ  վերջնական եզրակացությունը կտա Ավիացիոն միջազգային կոմիտեի՝ աղետի հետաքննությամբ զբաղվող փորձագիտական հանձնախումբը: Հիշեցրեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից  երեկ  երեկոյան միաձայն ընդունված բանաձևը, որով կառույցը  համապարփակ, մանրամասն և անկախ միջազգային հետաքննության կոչ է անում, նաև պահանջում, որ աղետի վայրին հարակից շրջանում զինված գործողություններն անհապաղ դադարեցվեն՝ միջազգային հետաքննության  անցկացումն ապահովելու համար։

Դեսպանը հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահ ՊետրոՊորոշենկոն նույնպես հանդես է եկել համանման  կոչով՝ կարգադրելով  դադարեցնել մարտական գործողություններն ինքնաթիռի կործանման վայրից 40 կմ շառավղով տարածքում։ Երեկ CNN-ի հետ  զրույցում նա  վերահաստատել է այս կարգադրությունը, նաև  դիմել  միջազգային հանրությանն   ու կառույցներին՝աջակցելու  աղետի իրական պատճառները  բացահայտելու ջանքերին։ «Երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն  հրավիրել է նաև Ուսաստնաի Դաշնության ներկայացուցիչներին ՝ մասնակցելու ավիավթարի հետաքննությանը»։

Ուկրաինան շահագրգիռ է աղետի օբյեկտիվ հետաքննության  հարցում  և ցանկանում է օր առաջ բացահայտված տեսնել ինքնաթիռի կործանման պատճառները, ասաց դեսպանը: Իսկ անդրադառնալով հարցին, թե նույն պնդումն անում է նաև ռուսական կողմը՝ ասելով, որ Ուկրաինայի կողմից ինքնաթիռի կործանումը հաստատող ապացույցներ ունի, դեսպանը նկատեց, թե միջազգային հանձնախմբի հիմնական առաքելությունը հենց այդ տարբեր փաստերի համադրումն ու իրական պատճառները բացահայտելն է:

Իվան Կուխտան  որոշակիորեն մանրամասնեց նաև, թե ինչ ապացույցների մասին է խոսքը։ «Դրանք տրամադրվել են Անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և պետական այլ կառույցների  կողմից: Խոսքը անջատողականների բանակցությունների, որոշ փաստաթղթերի, թռիչքի հետագծի լուսանկարների, օդաչուների ու դիսպետչերական խոսակցությունների ձայնագրությունների մասին է: Սրանք բոլորը Ուկրաինայի կառավարությունը կփոխանցի միջազգային փորձագետներին»։

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, թե ինչ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից Ուկրաինայի կառավարությունը կամ մինչև որ սահմանագիծն է պատրաստ շարունակել պայքարը, դեսպանը նշեց, որ իր երկրի  կառավարությունը ելք համարում է նախագահի կողմից նշված ճանապարհային քարտեզը կամ խաղաղ գործողությունների պլանը՝ ռազմական գործողությունների դադարեցում, տեղական մարմինների արտահերթ ընտրությունների կազմակերպում, սահամանադրական փոփոխություններ և այլն: Անջատողականները, սակայն, նրա դիտարկմամբ, շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ, և  նախագահի առաջադրած պլանն առայժմ չի աշխատում։

Դեսպանին հարց ուղղվեց նաև հայ-ուկրաինական  հարաբերությունների վերաբերյալ:  Երկու երկրներն էլ շահագրգռված են, որ քաղաքական ու տնտեսական  համագործակցությունը խորանա, ասաց դեսպանը, բայց և Հայաստանը, և Ուկրաինան հասկանում են, որ քննարկելու խնդիրներ ունեն: «Հայաստանը պատրաստվում է միանալ  Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան ստորագրել է ասոցացման համաձայնագիր  Եվրամիության հետ և  առաջիկայում պատրասվում է վավերացնել այն: Մյուս կողմից՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև կան որոշակի տնտեսական հարաբերություններ և հետաքրքրություններ: Անցյալ տարի, մասնավորապես,  առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 200 միլիոն դոլար, երկու երկրներն էլ  հետաքրքրված են երկկողմ հարաբերությունների խորացմամբ, բայց  Հայաստանը ԵՏՄ-ում այլ պարտավորություններ է ունենալու, մենք ԵՄ-ի առջև՝ այլ, ուստի սա քննարկման և բանակցությունների թեմա է»։

Դեսպանը նաև որոշակիացրեց. մինչ տարեվերջ Հայաստանում կհրավիրվի  հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի քննարկման առարկան կլինեն հենց  տնտեսական երկկողմ համագործակցության մանրամասները` հաշվի առնելով Եվրասիական միության գործոնը։

Back to top button