ԿարևորՔաղաքական

Նալբանդյան. Ադրբեջանը կոռուպցիոն փորձն ու հմտությունները տեղափոխել է միջպետական հարաբերությունների մակարդակ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության ակտիվացման վրա։

Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլերով ավելի է սրում իրավիճակը՝ ակնհայտորեն հակառակվելով ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու վերաբերյալ միջնորդ երկրների ղեկավարների բազմաթիվ հորդորներին։

«Չնայած միջազգային հանրության արդեն հասցեական դարձող կոչերին` Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը, շինծու մեղադրանքներով հետապնդելով և բանտարկելով հաշտեցման ու խաղաղության օգտին արտահայտվող ադրբեջանցիներին, ինչը չի նպաստում բանակցություններում դրական մթնոլորտի ձևավորմանը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են երկրի ներսում կուտակած կոռուպցիոն փորձն ու հմտությունները տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ, սեփական հանրային կարծիքը մոլորության մեջ պահելու նպատակով ջանում են որոշ երկրներից կորզել հայտարարություններ, որոնք, գլխիվայր շուռ տալով բանակցային գործընթացի բովանդակությունը, վնասում են դրանց առաջընթացին:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Back to top button