

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի ինտեգրումը Մաքսային Միությանն ամեն օրվա հետ ավելի արդի ու անհրաժեշտ է դառնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ով այն կարծիքին է, որ այդ միությանն անդամակցումն ընդամենը ժամանակի ու փաստաթղթային ձեւակերպումների հարց է: Լրագրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ էլ ճիշտ հակառակ տեսակետն է հայտնել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջորդը Պարույր Հայրիկյանը: «Եվրոպական կողմնորոշումից հրաժարվելը հանուն ռուսական կայսերապաշտության պետք է հանգեցնի Հայաստանի նախագահի հրաժարականին»,-հայտարարել է Հայրիկյանը:
Ողջ աշխարհն այսօր պատերազմում է` Մերձավոր Արեւելքից բախումները հասան Արեւելյան Եվրոպա` Ուկրաինա, ու այս ոչ հասարակ, ոչ միանշանակ պայմաններն էլ ավելի արդի են դարձնում Հայաստանի ինտեգրումը Մաքսային Միությանը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը համոզված է` անդամակցությունը նոր միությանն անհրաժեշտ է, խնդիրն այժմ միայն փաստաթղթային վերջնական ձեւակերպումներն ու համաձայնեցումներն են: Տեխնիկական հարցերը շատ ժամանակ չեն խլի. կարծում է Հարությունյանը: Նա չի հերքում` ձեւավորվող միության ներսում նաեւ աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիրներ կան: Միության անդամ Ղազախստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձավոր գործընկերն է, ու բնական է, որ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հարցն է հայտնվում հարթակում, եւ որոշ հակազդեցություն է առաջանում Հայաստանի հարցում: Բայց Ղազախստանը Եվրասիական Միությունում մնալով նախեւառաջ իր սեփական շահերն է հետապնդում ու վերջնարդյունքում դեմ չէ Հայաստանի ընդգրկմանը: Միաժամանակ, Գագիկ Հարությունյանը վստահ է` որքան էլ Հայաստանին անհրաժեշտ է անդամակցությունը նոր միությանը, կան «կարմիր գծեր», որոնցից այն կողմ մենք չենք կարող ու չենք անցնի:
«Կան կարմիր գծեր, որոնցից այն կողմ Հայաստանն անցնել երբեք չի կարող: Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրն է: Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ միջեւ ոչ մի մաքսակետ լինել չի կարող: Դա աբսուրդ է: Մենք նույն տնտեսական տարածքում ենք, նույն արտարժույթն ենք օգտագործում, նույն էթնոսն է վերջապես, նույն երկիրն է ի վերջո»:
Մաքսային Միությանն անդամակցությունը Հայաստանի առջեւ, այո, խոստանում է նոր դռնել բացել, սակայն ռիսկեր եւս առկա են` ոչ թե քաղաքական, այլ տնտեսական: Ընդ որում` այդ ռիսկերն ավելի արդի են դառնում այն համատեքստում, որ Թուրքիան փորձում է Մաքսային Միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծել: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը վստահ է` Հայաստանը, հաստատ, ավելի արագ է վավերացնելու իր փաստաթղթերը, քան Թուրքիան իր ծրագրերը կիրականացնի: Մյուս կողմից Հայաստանն ու Թուրքիան արդեն ունեն նույն կառույցներում ու կազմակերպություններում ներգրավված լինելու փորձ` ՆԱՏՕ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն, ու առանձնակի դժվարություններ չեն եղել: Բացի այդ` անգամ ռուս-թուրքական հարաբերությունների նորացման դեպքում էլ Ադրբեջանը չի հայտնվի Մաքսային Միությունում, ասում է Գագիկ Հարությունյանը: Խնդիրներին պետք է այլ կողմից սպասել: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել տնտեսական էքսպանսիայի, ինչը կարող է առաջանալ թուրքական ապրանքների առատ ներհոսքից:
«Պետք է ուղղակի շատ լավ հաշվենք մեր տնտեսական օգուտներն ու վնասները: Համոզված եմ, որ մոտակա տեսանելի ապագայում Ադրբեջանը չի մտնի Մաքսային Միություն:
Ու մինչ «Նորավանք» հիմնադրամի տնօրենը հիմնավորում է, թե ինչու եւ որքան անհրաժեշտ է Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, նույն պահին լրագրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը ռուսամետ քաղաքականություն որդեգրելու համար պահանջում էր մեր երկրի ղեկավարի հրաժարականը: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջորդը հիշեցնում ու ընդգծում է իր տեսակետը` Հայաստանի քաղաքական ուղեգծի փոփոխությունը փակեց դռները դեպի Եվրամիություն ու միաժամանակ չբացեց դռները դեպի Եվրասիական Միություն: Սեփական բնորոշմամբ այս ձախողումը Հայրիկյանը համարում է մեր երկրի իշխանությունների հրաժարականը պարտադրող պատճառ: Նա Սերժ Սարգսյանին «բարեկամական շնչով» նամակ է գրել ու դրանում ներկայացրել վերջինիս հրաժարականին նախորդող ու հաջորդող քայլերը` իր սցենարով:
«Հայաստանը կարող է կորցնել ամեն ինչ: Եթե Սերժ Սարգսյանը չորոշի հրաժարական տալ հօգուտ եվրոպական կողմնրոշման քաղաքական գործչի, ապա կարող է վաղը ստիպված լինել ողջ երկիրը հանձնել ադրբեջանաթուրքական ուժերի բարեհաճությանը»: